Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ ծրագիրը կաջակցի Հայաստանի իշխանություններին ազատազրկված անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև կբարելավի Պրոբացիայի պետական ծառայության գործունեությունը՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործառնական շրջանակներում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման միջոցով։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գործընկերներին աջակցության համար և նշել, որ այս ծրագրերը բանտային բժշկությունը և պրոբացիայի ինստիտուտը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու արդյունավետ գործիքներից մեկն են և կենտրոնացված են այն ոլորտներում կատարվող բարեփոխումների վրա, որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։