Գլխավոր էջ Նորություններ Նարեկ Վանեսյանի կերպարը, ինչպես ընդունված է ասել շոու բիզնեսում, սկանդալային է

Նարեկ Վանեսյանի կերպարը, ինչպես ընդունված է ասել շոու բիզնեսում, սկանդալային է

806
0

Հանրային մեծ ուշադրության արժանացավ  2019 թ․-ին Նարեկ Վանեսյանի դեմ հարուցված քրեական գործը՝ խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ դրամի հափշտակության  հատկանիշներով։

Հարուցված քրեական գործի հիմք էր հանդիսացել տուժող Ալլա Ասիրյանիից խաբեությամբ  դրամ շորթելը, մեջբերում հարուցված քրեական գործից․

<<Նարեկ Տիտանի Վանեսյանը թիվ 38150119 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով այն բանի համար, որ նա, 2015 թվականի մայիսի 29-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՙԻջևան բժշկական կենտրոնի՝ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Սեյրանի Ասիրյանի կլինիկական օրդինատուրայի ուսման պրոցեսը կազմակերպելու և որպես բժշկուհի աշխատանքի տեղավորելու պատրվակով 2015 թվականի հունիսի 22-ին խաբեությամբ Ալլա Ասիրյանից հափշտակել է 3000 ԱՄՆ դոլլարին համարժեք՝ խոշոր չափերով 1.491.240 ՀՀ դրամ գումար>>:

Նարեկ Վանեսյանի հանդեպ քրեական հետապնդումը մեկնարկեց դեռ 1,5 տարի առաջ՝ 2019թ․ հուլիսի 25-ին կայացավ առաջին դատական նիստը, որին հաջորդեցին ևս 15-ը , յուրաքանչյուրը հետաձգվելով մեղադրվողի կողմի խնդրանքով։ Քրեական հետապնդման ընթացքում Վանեսյանը փոխհատուցեց պատճառած վնասը տուժողին և դրամական շորթումից անցավ ժամանակի շորթմանը։

Այսպես՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, պարբերաբար հետաձգելով դատական նիստերն ու վճռի կայացումը, հեղափոխության ակտիվ մասնակից և համատեղությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանին 2020թ․ի դեկտեմբերի 11-ին ազատեց քրեական պատասխանատվությունից։ Մեջբերում դատարանի որոշումից․

<<Թիվ ՏԴ/0065/01/19 քրեական գործի վարույթն ըստ մեղադրանքի Նարեկ Տիտանի Վանեսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով>>:

Նարեկ Վանեսյանի կերպարը, ինչպես ընդունված է ասել շոու բիզնեսում, սկանդալային է։ Բժշկական համալսարանի շրջանավարտը, դեռ երիտասարդ տարիներին իրեն փորձում էր տարբեր բնագավառներում, այսպես 2010-ին եղել է ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականը։ Շրջագայել զանազան ԲԿ-ներով, կառույցներով յուրաքանչյուրում աշխատելով կարճ ժամանակահատված։

Առանձնակի չմանրամասնելով Նարեկ Վանեսյանի <<փառապանծ>> կարիերան, անդրադառնանք դրանցից մեկին։

2018-ին Վանեսյանը նշանակվեց << Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն և իրեն << անակնկալ>> այցի գնացին Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակից։ ՄԻՊ-ի  աշխատակազմը հոգեբուժարանում հայտնաբերեց ապօրինաբար պահվող քաղաքացու և այդ մասին հայտարարություն տարածեց, սակայն Վնեսյանը գերագնահատելով իրեն և իր կապերը հոխորտաց, որը արժանացավ կոշտ արձագանքի ՄԻՊ-ի կողմից և տարածվեց հերթական հաղորդագրությունը։

Մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Առողջապահության նախարարը նրա համար  պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է , ում լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությունը ցանկացած ձևով միջամտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն»։

ՄԻՊ-ի կոշտ<<զգետնումը>> ,թերևս, կարելի է համարել հեղափոխության այն ակտիվիստի միակ, հետհեղափոխական անհաջողությունը, մնացյալում նրան առայժմ հաջողվել է<< ջրից չոր դուրս գալ>>։ Ինչպես կվարվեր ՄԻՊ-ը, եթե նման վարքագիծ դրսևորեր ոչ թե<< իշխանության արտոնյալը>> այլ <<նախկիններից>> ուրևէ  մեկը, թերևս, ենթադրությունների դաշտից է, իսկ առայժմ Նարեկ Վանեսյանը վայելում է ՄԻՊ-ի մեծահոգությունը ևս մեկ քրեական գործի կասեցման անհրաժեշտություն չկա։

Միևնույն ժամանակ<<Ճտերին գարնան են հաշվում>> ասացվածքը վաղեմություն չի ճանաչում և երբ  Հայաստանի համար գարուն գա, ամենայն հավանականությամբ <<ճտերից>> մեկը կլինի հենց Նարեկ Վանեսյանը։

Իսկ առայժմ` կեցցե հետհեղափոխական արդարադատությունը, կեցցե վեթինգ չիրականացրած կառավարությունը, կեցցե դատավոր  Ս. Կ. ՄԱՐԴԱՆՅԱՆ-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ