Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրորդ անգամ

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրորդ անգամ

329
0

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում առաջինը պատվաստվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է 2 չափաբաժնով: Երկրորդ չափաբաժինը ստանում են առաջին պատվաստումից 21 օր անց: Նախարարն արդեն ստացել է երկրորդը։

Պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, և բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Hraparak.am-ը նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվել է՝ հայտնի՞ է, թե ինչ քանակով պատվաստանյութ է բերվելու, պատասխանեց, որ ոչ․ «Նախատեսվում է, որ փետրվարի կեսին որոշակի խմբաքանակ կունենանք։ Մի քանի երկրի պատվաստանյութ արդեն կլինիկական փորձարկումներն անցել են, իրենք արդեն հաստատվել են, բայց դեռեւս մենք բանակցություններ ենք վարում, որ հասկանանք՝ որոնք ենք ձեռք բերելու»։

Ինչ վերաբերում է 890 միլիոն դրամ կանխավճար տալուն պատվաստանյութի համար, նա պատասխանեց․ «Դա տրվել է «Gavi»-ին, որ այն պատվաստանյութերը, որոնք հաստատվեն, մենք կարողանանք 10 տոկոս մեր ռիսկային խմբերի համար ձեռք բերել։ Դա պլատֆորմ է, որին երկրները միացել են»։

Պատվաստանյութը պարտադի՞ր է, թե՞ ցանկության դեպքում միայն կիրառելու վերաբերյալ ոչինչ դեռեւս հայտնի չէ: «Միայն այն է պարզ, որ ռիսկային խմբի համար է պատվաստման առաջին գործընթացը սկսվելու, այսինքն՝ ուղեկցող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, հղիներին․․․»։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց․ «Մենք ստացել ենք օգնություն 15 հոգու համար, այո, առողջապահության նախարարից բացի, այլ անձինք ևս պատվաստվել են, այդ թվում՝ նաև ես: Որևէ մեկի մոտ հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի գրանցվել: Նույնիսկ հաճախ խոսվող ռեակցիան, այն է՝ ներարկվող հատվածում կարող է առաջանալ կարմրություն, տեղային ցավ, չի նկատվել»:

Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ է «Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումների գործը, ըստ որի, առաջին դեղաչափից հետո արդյունավետությունը գնահատվել է 91.4 տոկոս, երկրորդ դեղաչափից հետո այն հասնում է 94 տոկոսի:

«Մեկ եզրույթ էլ կա, պատվաստանյութը հիմնականում կանխում է մահացությունը և ծանր կլինիկական դրսևորումը: Կարող է մարդը վարակվել, թեթև կլինիկական ընթացք ունենալ, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն արդյունավետ չէ»,- ասաց Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում մնում է լարված, գիտնականները կանխատեսում են, որ երրորդ ալիքը չի բացառվում։ Սակայն ՀՀ-ում Ամանորից առաջ և հետո նկատվում է համաճարակային իրավիճակի կայունացում, դեպքերի նվազում. «Եթե համեմատենք ցուցանիշները, վարակի վերարտադրման նախորդ 14 օրվա ցուցանիշը 0.84 է։ Ակնհայտ է, որ մենք ունենք նվազում։ Բայց չպետք է մոռանանք, որ տոներին շփումներ ենք ունեցել։ Թեպետ մեզ մոտ էլ դեռ սահմանափակումները շարունակվում են, բայց բոլոր դեպքերում շփումները մեծ են, և կանխատեսվում է, որ առաջիկայում մենք մի փոքր աշխուժացում կունենանք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ