Գլխավոր էջ Նորություններ Քննարկումներ են ընթանում Աչաջրի և Արծվաբերդի ծննդատները տեխնիկապես հագեցնելու ուղղությամբ

Քննարկումներ են ընթանում Աչաջրի և Արծվաբերդի ծննդատները տեխնիկապես հագեցնելու ուղղությամբ

1050
0

Տավուշի մարզպետարանը բանակցում է հնարավոր հովանավորների հետ՝ փակման վտանգի տակ հայտնված Արծվաբերդի և Աչաջրի ծննդատներում անվտանգ ծննդօգնություն իրականացնելու համար համապատասխան տեխնիկական պայմաններ ապահովելու նպատակով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ Աչաջրի և Արծվաբերդի ծննդատներն այնքան էլ չեն համապատասխանում չափանիշներին, որպեսզի ապահովեն անվտանգ ծննդօգնություն, խոսքը վերաբերում է ծննդաբերությանը, քանի որ ամբուլատոր պրոցեսի համար բոլոր պայմանները կան: Այս առողջության կենտրոնները հընթացս ծառայություն են մատուցում ծննդկաններին, հետազոտություններ են կատարում, ուղղակի բուն ծննդօգնության համար անհրաժեշտ են նաև այլ տեխնիկական և մասնագիտական բաղադրիչներ, որոնք կապահովեն անվտանգ ծննդօգնություն: Այս առումով մի կողմից դեռ նախարարության հետ շարունակվում են քննարկումները, թե ինչպես ենք մենք դա անելու պետական մասնակցությամբ, մյուս կողմից՝ բավականին մեծացել են նաև տարբեր տեղերից տարբեր տեխնիկական աջակցության առաջարկները: Այսօր մենք բանակցում ենք հնարավոր հովանավորների հետ, որպեսզի և՛ Արծվաբերդում, և՛ Աչաջրում մենք կարողանանք ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ՝ ծննդաբերության անվտանգ պրոցեսն ապահովելու համար»,-ասաց Չոբանյանը:

Իջևանը գտնվում է Աչաջրին շատ մոտ, և այն բոլոր դեպքերում, երբ լինում են ռիսկեր, դեպքերն ուղղորդվում են այնտեղ: Մարզպետը նշեց՝ որևէ վատ նախադեպ չի եղել, սակայն դա չի նշանակում, որ չպետք է ապահովվեն համապատասխան պայմաններ: «Կրիտիկական վիճակ կարող է լինել ցանկացած ծննդաբերության ընթացքում: Ես՝ որպես մարզի ղեկավար և մարզպետարանը՝ որպես ոլորտի պատասխանատու, պարտավոր ենք այս պայմաններն ապահովել»,-նշեց նա:

Չոբանյանն անկեղծացավ՝ պայմաններից ելնելով ինքն իր հարազատին չի ուղղորդի այդ առողջության կենտրոն, որտեղ համապատասխան պայմաններ չկան առողջ և անվտանգ ծննդաբերության համար: «Եվ ես բարոյական իրավունք չունեմ դա չանելու մնացած բնակիչների դեպքում»,-եզրափակեց մարզպետը։

2020-ի սկզբից ՀՀ առողջապահության նախարարությունը դադարեցրել է Աչաջրի, Արծվաբերդի, Մարալիկի, Ծաղկահովիտի, Քաջարանի և մի քանի այլ առողջության կենտրոնների ծննդատների ֆինանսավորումը՝ հիմնավորելով, որ դրանք չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, չկան մի շարք անհրաժեշտ սարքավորումներ, նաև որոշ մասնագետներ, ծնունդների թիվը շատ քիչ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ