Գլխավոր էջ Գլխավոր Բաց նամակ՝ Նարեկ Զեյնալյանին․ «Հակահամաճարակային ալյանս»

Բաց նամակ՝ Նարեկ Զեյնալյանին․ «Հակահամաճարակային ալյանս»

483
0

«Հակահամաճարակային ալյանս»-ը բաց նամակ է գրել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալակա նհարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Ն.Զեյնալյանի

Բաց նամակ
➡️ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Ն.Զեյնալյանին
📌 Երեկ ականատես եղանք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը իր հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բ.Թունյանի, Վ.Վարդանյանի, Հ.Աղազարյանի, Ն.Զեյնալյանի հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ հիմնական զեկուցող Բ.Թունյանի, պայմանավորված էր կորոնավիրուսից եւ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության եւ հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաեւ` որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ: Առաջարկվում էր մեկ տարով հետաձգել նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
📌 Սակայն, կառավարության եզրակացությունը դրական չէր: Առողջապահության նախարարի տեղակալ Լ.Նանուշյանն առաջարկել էր նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից: Բ.Թունյանը ևս մեկ անգամ շեշտադրել էր ստեղծված իրավիճակում տնտեսության մեջ ներդրումների եւ աջակցելու կարևորությունը: Արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել էր դրական եզրակացություն:
📌 Մի կողմ թողնելով Լ.Նանուշյանի մասնագիտական ունակությունների հախուռն դրսևորումները, դիլետանտական, ուղղակի համոզելու բնույթ կրող չհիմնավորված հայտարարությունները, ինչը նաև ընդգծվեց նիստի որոշ մասնակիցների կողմից, ակնհայտ անձնական շահագրգռվածության շարժառիթները, արձանագրենք, որ երեկվա նիստի ընթացքում նրա հանդուգն, մեծամիտ և անհարգալից պահվածքը ԱԺ պատգամավորների նկատմամբ աննախադեպ էր ու անցնում էր տարրական կոռեկտության բոլոր սահմանները:
📌 Այնուհետև գործի են դրվել պատգամավորների որոշման վրա ազդելու տարբեր միջոցներ: Արդեն իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո ԱՆ-ն պատգամավորներին ուղղված կոչ է տարածում՝ լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին: Չբավարարվելով դրանով, լույս 24-ի գիշերը ժամը 01:00-ին հայտնվում է արդեն առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը նույն հարցով: Մի կողմ թողնելով նրա կեսգիշերյա լիրիկական զեղումները, ասենք, որ նրա համարձակությունը բավականացնում է թիրախավորել նախագծի 4 համահեղինակներից ընդամենը մեկին՝ ձեզ, որպես ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ:
📌 Այս ամենն իհարկե անցնում է զավեշտի բոլոր սահմանները, անթաքույց դարձնելով նշված պաշտոնյաների գործողությունների իրական դրդապատճառները:
Սակայն, վստահաբար առողջապահության նախարարի և տեղակալի պաշտոնները զբաղեցնող անձանց հանդգնությունն ու անպատկառությունը այս մասշտաբների չէր հասնի, եթե դուք ձեր սկզբունքայնությունն ու անաչառությունը դրսևորած լինեիք դեռևս դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ձեր իսկ նախագահած հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկված ԱՆ նույն պաշտոնյաների մատուցմամբ Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Այդ դեպքում անհրաժեշտ էր ընդամենը տեղում բացահայտել ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, անհիմն պնդումների այն ողջ տրցակը, որով տխրահռչակ նախարարի տեղակալը փորձում էր մոլորեցնել հանձնաժողովին: Բայց դա չարվեց: Մյուս կողմից, եթե հանձնաժողովի անդամները չէին կարող ակնհայտաբար տեսնել կեղծիքները և քողարկված վտանգները, ապա գոնե պետք էր նիստին հրավիրել ոլորտից քաջատեղյակ փորձագետի (սեպտեմբերի 24-ին ձեզ արված առաջարկը կցվում է), բայց դա էլ չարվեց: Փոխարենը հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական փաթեթին, որը չունի որևէ կապ առողջապահական ազգային օրակարգի հետ, բացի ՁԻԱՀ-ի կենտրոնի փաստացի ապօրինի լուծարման պոստֆակտում լեգիտիմացումը, անձնական շարժառիթներով միջազգային կառույցների առջև կամավոր ստանձնած պարտավորությունների կատարումը, որի մասին աներկբա վկայում է քրեական օրենսգրքի սպասվող փոփոխության շրջանակում ՔՕ 123-րդ հոդվածի փոփոխությունների դիտարկումից ԱՆ պաշտոնյաների հրաժարումը: Այդ օրենսդրական փոփոխությունների համար արդյունավետության կամ ծախսարդյունավետության որևէ գնահատում չի կատարվել, այլ ընդհակառակը՝ շահագրգիռ կանխամտածվածությամբ արդյունավետ գործող մոդելը քանդվել է: Նախագծով փաստացի անտեսվել են ՀՀ հակահամաճարակային անվտանգության շահերը, վերացվում է առողջապահական բնագավառում երկրի սուվերենությունը, դրսևորվում է ոչ պետականամետ մոտեցում: Մանրամասն վերլուծությունն այդ նախագծերի Ազգային ժողովի պատգամավորներին բաց նամակով ներկայացրել է Հակահամաճարակային ալյանսը ս.թ. դեկտեմբերի 8-ին (կցվում է):
📌 Արդյունքում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վերակազմավորումը և փաստացի վերացումն իրականացվել է գործող օրենսդրության կոպիտ ոտնահարման պայմաններում, որին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը պարտավոր էր գնահատական տալ, իսկ ներկայացրած փաթեթը՝ մերժել, տարանջատվելով կատարված ապօրինություններից, որը ցավոք տեղի չի ունեցել:
📌 Ուստի, մեկ անգամ ևս կոչ ենք անում ԱԺ բոլոր պատգամավորներին, այդ թվում ձեզ, լիագումար նիստին ԴԵՄ քվեարկել Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին և մասնակից չդառնալ նախարարության կողմից առողջապահական համակարգի մի ողջ ոլորտի ապօրինի կազմաքանդման պոստֆակտում լեգիտիմացմանը:
Հարգանքով՝
🖊 «Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ