Գլխավոր էջ Նորություններ Լավագույն բնական միջոցները ենթաստամոքսային գեղձի բորբոքուման հետևանքով առաջացող ցավը մեղմելու համար

Լավագույն բնական միջոցները ենթաստամոքսային գեղձի բորբոքուման հետևանքով առաջացող ցավը մեղմելու համար

478
0

Ենթաստամոքսային գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որն արտադրում է նորմալ մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ ու հորմոններ։ Այս գեղձի հիվանդությունները բացասաբար են անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է օրգանում ի հայտ եկած բորբոքային գործընթացներով։ Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են ալկոհոլի, յուղոտ ու տապակած մթերքի չարաշահումն ու ճարպակալումը, իսկ հիվանդության զարգացման պատճառ են համարվում լեղապարկի ու լեղուղիների հիվանդությունները, ինչպես նաև գաստրիտը, տասներկումատնյա աղիքի հիվանդությունները, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումն ու անոթների հիվանդությունները, ինչպես նաև մի շարք այլ խնդիրները։

Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը կարող է բավական լուրջ խնդիրներ առաջացնել։ Սա բավական վտանգավոր ախտաբանություն է, որի դեպքում ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ամբողջ օրգանիզմի համար, ուստի ժամանակին մասնագետին դիմելը շատը կարևոր է։ Այս հիվանդությունը, որպես կանոն, ենթադրում է դեղորայքային բուժում, սակայն միևնույն ժամանակ կարելի է կիրառել նաև որոշակի բնական միջոցներ, որոնք կօգնեն բարձրացնել հիմնական բուժման արդյունավետությունն ու մեղմել դրա հետևանքով ։

The Health Site կայքը ներկայացրել է լավագույն բնական միջոցները  ենթաստամոքսային գեղձի բորբոքման հետևանքով առաջացող ցավերը մեղմելու համար։

Տաք կոմպրեսներ

Տաք կոմպրեսներն օգնում են թուլացնել որովայնի մկանները, ինչն էլ մեղմում է ցավը։ Բացի այդ, տաք կոմպրեսը նվազեցնում է բորբոքման մակարդակը, ուստի կարող է շատ արդյունավետ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում։ Պարզապես հարկավոր է տաք ջրով լի շիշը կամ ջերմակը դնել ցավոտ հատվածին ու թողնել 5-10 րոպե։

Խնձորի քացախ

Խնձորի քացախի հակաբորբոքային հատկությունները թույլ են տալիս հեշտությամբ մեղմել ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ պայմանավորված որովայնի ցավը։ Բացի այդ, դրանում պարունակվող թթուները նվազեցնում են լեղու թանձրությունը, ինչն էլ իր հերթին կանխում է լեղաքարային հիվանդության զարգացումը։ Պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ հում չզտված խնձորի քացախ ու խմել ստացված լուծույթն օրական երկու անգամ։ Ցանկության դեպքում կարելի է նաև այս լուծույթին մեկական թեյի գդալ կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել։

Օմեգա-3 ճարպաթթուներ

Սննդակարգում օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքի ավելացումը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում առաջացող ցավերի դեմ պայքարում։ Սա պայմանավորված է նրանով, որ պոլիչհագեցած ճարպերն օժտված են հակաբորբոքային հատկություններով։ Բավարար քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ստանալու համար հարկավոր է սննդակարգում ներառել սոյա, կտավատի սերմեր, հունական ընկույզ, կանոլա, սպանախ, ծովախեցգետիններ, կակղամորթներ ու յուղոտ ձկնատեսակներ, այդ թվում՝ սաղմոն, իշխան ու թյունոս։

Կոճապղպեղով թեյ

Այս թեյը հայտնի է իր հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով, ուստի զարմանալի չէ, որ համարվում է ամենաօգտակար ըմպելիքներից մեկը։ Բացի այդ, կոճապղպեղը շատ արդյունավետ միջոց է նաև բորբոքումների մակարդակները նվազեցնելու համար, ուստի շատ արդյունավետ է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ պայմանավորված ցավը մեղմելու համար։

Քրքում

Այս համեմունքի ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը, օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումինոիդի հավելումները կարող են շատ արդյունավետ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման ժամանակ առաջացող ցավը մեղմելու համար, սակայն այնուամենայնիվ հարկ է հիշել, որ ցանկացած հավելում ընդունելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Այս բնական միջոցներն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ դրանք չեն կարող կիրառվել դեղորայքային բուժման փոխարեն։ Սաստիկ ցավերի դեպքում կարելի է խորհրդակցել մասնագետի հետ ու կիրառել վերոնշյալ միջոցները որպես հավելյալ բուժում ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում, սակայն ինքնաբուժությունից հարկավոր է խուսափել, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել վիճակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ