Գլխավոր էջ Նորություններ Սուրբ Աստվածածին մատուռը դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տարածքից

Սուրբ Աստվածածին մատուռը դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տարածքից

4816
0

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սուրբ Աստվածածին մատուռը, որը գործում է 1993 թ., շինարարական աշխատանքների անցկացման հիմնավորմամբ դուրս է բերվում հիվանդանոցի տարածքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ առանց իրեն տեղյակ պահելու տնօրենը կազմակերպել է մատուռում առկա պարագաների՝ սրբապատկերների, մոմակալների դուրս բերումն ու գույքագրումն այն դեպքում, երբ այդ իրերից որոշներին դիպչելու իրավունք կողմնակի անձինք չունեն:

«Պարագաները տեղափոխել են պոլիկլինիկայի մատուռ՝ դրանք իրար վրա լցնելով, հարցնում եմ՝ չէի՞ք կարող ինձ տեղյակ պահել այս մասին, ինձ պատասխանում են, որ պատրաստվում են տեղափոխել մատուռը: Նման հասկացություն գոյություն չունի՝ ինչպե՞ս կարող ես տեղափոխել մատուռը: Տնօրենը՝ Արման Հովակիմյանը, ասաց, որ որոշել է տեղափոխել մատուռը, և ցույց են տալիս հիվանդանոցից դուրս գտնվող մի անհարմար վայր՝ առևտրային տաղավարներից մեկում, որի տանիքով ավտոմեքենաներ են գնում-գալիս»,- նշեց Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

Նրա պնդմամբ՝ մատուռն անպայման պետք է գործի հենց հիվանդանոցի տարածքում, որպեսզի հիվանդները, նրանց հարազատները, բժիշկները ցանկացած պահի կարողանան մտնել մատուռ, մոմ վառել, աղոթել:

«Հիվանդը կարող է թույլ վիճակում, քայլելով գա, մտնի մատուռ: Եթե մատուռը շենքից դուրս գտնվի, ինչքան էլ հիվանդանոցի տարածքում լինի, նա չի կարող, օրինակ, ձմռան ցրտին դուրս գալ, գնալ, մոմ վառել, այդպես անհնար է, նույնը նաև՝ բժիշկները: Երկրորդը՝ այն տարածքը, որն առաջարկվում է մատուռի տեղակայման համար, շատ ավելի փոքր է, քան այն տարածքը, որտեղ այն գտնվում է»,- նշեց Տեր Աշոտը:

Քահանան պնդում է, որ չկա որևէ երաշխիք, որ մատուռի նոր՝ առաջարկվող տարածքից էլ որոշ ժամանակ անց չեն տեղափոխի այն, չկա երաշխիք, որ մատուռի անմիջական հարևանությամբ, օրինակ, առևտրի կետեր չեն տեղակայվի:

«Ո՛չ հոգևոր հովվին են տեղյակ պահել, ո՛չ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան, և իրենց կամքով որոշել, ինքնուրույն կատարել են այս ամենը: Տնօրենն ասել է, որ մատուռը տեղափոխելը տեխնիկական ինչ-ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված, բայց ես ասել եմ, որ այն, ինչ բացատրել եք, չի նշանակում, թե պայմանավորվեցինք մատուռը դուրս բերելու հարցում, ասել եմ՝ գրավոր նամակ եմ ուղղելու, որպեսզի պատասխանեն, թե ինչու են դիմել այս քայլին»,- նկատեց մատուռի հոգևոր սպասավորը:

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲԿ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հիվանդանոցը վերափոխվելու է: Նրա խոսքով՝ այս մասին քահանային տնօրինությունը տեղյակ է պահել նախօրոք, սակայն արձագանք չի եղել:

«Քահանային զգուշացվել է՝ եկեք, այդ գույքը պետք է տեղափոխվի, նա չի արձագանքել: Տնօրենը ոչ թե որոշել է, այլ առաջարկել է տեղափոխել մատուռը այն տարածք, որտեղից կարող են օգտվել նաև պացիենտների հարազատները, նույնիսկ այդ տարածքի բնակիչները՝ առանց մուտք գործելու ԲԿ-ի տարածք»,- նշեց ԲԿ-ի մամուլի խոսնակը և հավելեց, որ այդ տարածքը, որտեղ պետք է տեղափոխվի մատուռը, հիվանդանոցին է պատկանում:

Նրա խոսքով՝ հիմա մատուռը փակ է, համավարակի պատճառով ոչ ոք չի մտնում այնտեղ, իսկ նոր մատուռը գտնվելու է հիվանդանոցի հենց ճակատային մասում, որը նորմալ տարածք է: «Արդեն մի քանի ամիս է՝ թե՛ ԲԿ-ի մատուռը, թե՛ պոլիկլինիկայում գտնվող մատուռը չունի աշխատակից, և գույքի խնամքը, մաքրությունը, պահպանումը կատարվում է ԲԿ-ի աշխատակիցների կողմից»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ քահանան նշել է, որ դա առևտրային տաղավար է, նա նշեց, որ քանի որ ամբողջ հիվանդանոցը վերափոխվելու է, այդ տարածքը նախագծով կարող է լինել այլ բան: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է հետագայում այդ տարածքից էլ մատուռը տեղափոխվի, Ծովինար Խաչատրյանն արձագանքեց. «Ոչ, այդ հարցը քննարկվել է քահանայի հետ վերջնական»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ