Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի ստեղծած խառնաշփոթն ու քաղաքացիների բողոքը

Կորոնավիրուսի ստեղծած խառնաշփոթն ու քաղաքացիների բողոքը

4922
0

Կորոնավիրուսն իսկապես լուրջ աղետ է և նմանատիպ բյուրոկրատիկ մոտեցմամբ հաստատ չեք կարողանա կանխել նրա մուտքը Հայաստան։ Մուտք գործողներին պետք է ստուգել համապատասխան թեստերով և առանձնացնելու դեպքում համոզվել, որ իսկապես հիվանդներն (կամ սուր ախտանիշներ ունեցողները) ու պոտենցիալ հիվանդները միմյանց չվարակեն։ Նման մտահոգություն է հայտնում փետրվարի 2-ին, Չինաստանից Հայաստան ժամանած Էլեն Գևորգյանը։ Էլենի մոտ գանգատներ չեն եղել, ոչ էլ ջերմել է,  պարզապես քիթն  է փակ եղել,  որովհետև, իր իսկ պնդմամբ, միջնապատի խնդիր ունի։

Ինչպես ինքն է նշում օդանավակայան հասնելուն պես իրեն և ևս երկու հայի, ովքեր ջերմել են, տեղափոխել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց,  որտեղ էլ, անցակետի աշխատակիցների պնդմամբ,  պետք է հատուկ Չինաստանից գնված թեսթերով ստուգեն վիրուսի առկայությունը։   Էլենը և մյուս երկու քաղաքացիները տեղափոխվել են համապատասխան հիվանդանոց, ապա այնտեղ պարզվել է, որ թեսթերի ժամանման մասին նույնիսկ չէին լսել։

Էլեն Գևորգյանի հետ նման դեպք պատահել է փետրվարի 3-ին 13։00։ Նույն օրը երեկոյան ժամերին նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում տարածեց հայտարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»։

MedMedia-ն կապ հաստատեց Էլեն Գևորգյանի հետ, ով նշեց, որ ինքնազգացողությունը լավ է, սակայն մի շարք մտահոգություններ ունի։

«Երեկ ինձ չեն զանգահարել ոչ հիվանդանոցից, ոչ էլ նախարարությունից։ Այսօր զանգել են՝ հարցրել՝ ինչպես եմ։ Թեսթերն արդեն կան, սակայն իմ ծանոթներից ոչ մեկին, այդ թվում և ինձ, չեն տրամադրի, քանի որ դրանք սակավաթիվ են և տրամադրվում են միայն խիստ կլինիկական ախտանիշներ ունեցողներին։

Այդ պահին փակ քիթս իրենց համար ախտանիշ էր, բայց հիմա ասում են , որ միայն ջերմություն ունեցող անձանց են ստուգում, այն ինչ ես երեկ ջերմություն և հազ ունեցող երկու քաղաքացիների հետ նույն ավտոմեքենայով օդանավակայանից տեղափոխվել եմ հիվանդանոց»,- պարզաբանում է նա և մտահոգություն հայտնում, որ գուցե իր հետ տեղափոխված մարդիկ վարակակիր եղած լինեն և ինքն էլ վարակված լինի։

Առողջապահության նախարարությունը շեշտում է, որ  բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։ Սակայն Չինաստանից վերադարձած քաղաքացիների համար նախարարությունը կարանտին չի հայտարարել, ավելին նախարարն նրանցից մեկի հետ հասցրել է նույնիսկ սելֆի անել։

Ինչպես հայտնի է կորոնավիրուսի ախտանիշները ի հայտ են գալիս 14 օրվա ընթացքում և չի  բացառվում, որ նրանք դառնան վիրուսի տարածման պոտեցիալ աղբյուր։ Էլենը միակը չէ այն քաղաքացիներից, ովքեր վերադառնալով Չինաստանից, մտահոգ են իրենց առողջական վիճակով․

«Մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, թեստերը թանգարանային նմուշ չեն և գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ»․-  իր ֆեյսբուքյան էջում գրել է Չինաստանի Տիանժին քաղաքից Հայաստան վերադարձած Գայանե Ապրունցը։

Նրա պնդմամբ մեկ ամբողջ օր են անցկացրել Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, սակայն իրենց թեսթ չեն տրամադրել։

« Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, և 6-իս էլ տարան նույն սենյակ: Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ»:

Չինաստանի Գուանչժոու քաղաքից փետրվարի 1-ին Հայաստան ժամանած Գագիկ Բարսեղյանը ահազանգում է, որ հրաժարվում են իրեն կորոնավիրուսի թեսթ անել` պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախի քաղաքից` Ուհանից չի եկել և հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշներ չունի։ Թոքաբորբ ախտորոշմամբ 3-4 օր է` Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում է

Հայաստանն արդեն 200 լաբորատոր թեսթ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից։ Չինաստանից վերադարձած քաղաքացիների բողոքների համար նախարարության և հիվանդանոցի պատճառաբանություններից մեկը հենց թեսթերի քիչ քանակն է։ Բացի այդ նախարարը լրագրողի հետ զրույցներից մեկում նշել է, որ թեսթեր արվում են կլինիկակական տիպիկ ախտանշանների ժամանակ և համաճարակաբանորեն աղբյուրին մոտ գտնված մարդկանց համար։ Հայաստան վերադարձածները մտահոգություն  են հայտնում այն խառնաշփոթ և չհամակարգված իրավիճակի համար, որը տիրում է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում և առհասարակ օդանավակայանի, հիվանդանոցի ու նախարարության միասնական աշխատանքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ