Գլխավոր էջ Նորություններ 82 պացիենտ միացված է ԹԱՕ սարքին

82 պացիենտ միացված է ԹԱՕ սարքին

386
0

Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, սակայն վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը շարունակում է կայուն բարձր մնալ:

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսային ինֆեկցիայով 82 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Եվս 986-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 228-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր կամ ծայրահեղ: Վերջին շաբաթներին պատկերը քիչ է փոխվել, սակայն վարակման նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է. եթե մի քանի շաբաթ առաջ ամեն օր գրանցվում էր մոտ 2000-2300 նոր դեպք, ապա այսօր այս թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 407 նոր դեպք, բայց թիվն այդքան փոքր է, քանի որ երեկ կիրակի էր, եւ կատարվել է ընդամենը 1349 թեստ: Նշենք, որ հիվանդացության պիկին կորոնավիրուսի ախտորոշման գրեթե յուրաքանչյուր երկրորդ թեստը դրական էր, իսկ հիմա դրական պատասխաններ են ունենում գրեթե յուրաքանչյուր երրորդ թեստը:

Նշենք նաեւ, որ Հայաստանը աշխարհում 19-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով: Կորոնավիրուսային ինֆեկցիայի զոհերի թիվը հասել է 2344-ի (18 պացիենտ մահացել է վերջին մեկ օրում). սա մահվան 790 դեպք է միլիոն բնակչությանը: Անցյալ ամիս Հայաստանը այս ցուցանիշով աշխարհում 20-րդ տեղում էր:

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝  Հայաստանն այսօր աշխարհում 10-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 344-ի. սա միլիոն բնակչությանը բաժին ընկնող 47 998 դեպք է: Երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ընդհանուր 530 225 թեստ: Ներկայումս բուժում է ստանում 21 756 պացիենտ, համավարակի սկզբից ապաքինվել է 117 649 պացիենտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ