Գլխավոր էջ Գլխավոր «Մեր բակը» մանկապարտեզում 3-ամյա աղջնակին ծեծել են մայրիկի հետևից լացելու համար․ պատմում...

«Մեր բակը» մանկապարտեզում 3-ամյա աղջնակին ծեծել են մայրիկի հետևից լացելու համար․ պատմում է ծնողը․ ձայնագրություն

1408
0

Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն տարածվում է onnet.am-ի ձայնագրությունը, որտեղ պարզ լսվում է, թե ինչպես են երեխաները լացում, իսկ ինչ որ կին սպառնում է ծեծել երեխաներին ու մութ սենյակում պահել։ Ձայնագրությունից պարզ է դառնում նաև, որ երեխաներից մեկին ծեծում են, ով սկսում է լացել։ Լրատվամիջոցները արագ արձագանքեցին կատարվածին։

Medmedia.am-ն անմիջապես կապ հաստատեց 3 ամյա Վիկտորյայի մայրիկի՝ Լիլիթի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իր դուստրը ընդամենը երեք օր է հաճախել  «Մեր բակը» մանկապարտեզ։

«Դեկտեմբերի 4-ին մենք ստացանք ձայնագրությունը, որտեղ ես լսեցի իմ բալիկի ձայնը։ Երկրորդ ձայնագրության մեջ արդեն բալիկիս էին ծեծում, նրա համար, որ իմ հետևից լացում էր ու ինձ էր ուզում։ Բալիկիս ծեծում ու ասում էին՝ ձենդ կտրի։ Երեխային հանգստացնելու փոխարեն ծեծում են»,-պատմեց Լիլիթը։

Նա պատմեց, որ աղջնակին դաստիարակչուհին՝ Գայանեն է ծեծել։

«Բայց մենք զգուշացրել էինք, որ եթե բալիկը լաց լինի, մեզ ուզի, զանգահարեն մեզ ու ամուսինս կգա կտանի երեխային, բայց նրանք նախընտրեցին ծեծել ու զոռով պահել երեխային»,-ասաց երեխայի մայրը։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում քննության առարկա կդառնա նաև կաշառքի վերաբերյալ ծնողների հայտարարությունը։

Նշենք, որ հաղորդում ներկայացնելուց երկու օր անց ծնողները հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ 2,5 տարեկան զույգ աղջիկները՝ Եվան և Արփին հոգեբանական և ֆիզիկական բռնության են ենթարկվել մանկապարտեզում, նրանք մանկապարտեզ են սկսել հաճախել նոյեմբերի 30-ից և երկու օր անց տարօրինակ վարք ենք նկատել երեխաների մոտ՝ ագրեսիա, վախ, քնի խախտում, դեպրեսիվ տրամադրություն և այլն: Կասկածելով մանկապարտեզում երեխաների հանդեպ հնարավոր վատ վերաբերմունքի մասին՝ ձայնագրող սարք ենք տեղադրել երեխայի տիկնիկի մեջ և ձայնագրել դեկտեմբերի 3-ին երեխաների օրը մանկապարտեզում:

Ծնողներից մեկն անգամ պատմեց, որ տնօրենը կաշառք է առաջարկել իրենց՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով:

«Այս հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է»,- հայտարարել են ծնողները։

Ի դեպ՝ «Մեր բակը» մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։

Հիշեցնենք, որ մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանն ասել էր, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը, ով իր երեխային 2 օր է ինչ տանում է այդ մանկապարտեզ:

«Հարցեր կան, որոնք դեռ չենք պարզել: Պետք է հասկանանք, թե ինչ ձայնագրություններ են: Ծնողներից մեկը հրապարակել է այդ ձայնագրությունը, սակայն մենք արդեն դիմել ենք բոլոր օրինական հարթակներ: Օրենքի սահմաններում կպարզվի՝ արդյոք այդ ձայնագրությունն արվել է մեր մանկապարտեզում, ըստ այդմ մենք հանդես կգանք մեկնաբանությամբ»,-ասել էր մասնաճյուղի տնօրենը։

Մանկապարտեզի ձայնագրությունը՝ onnet.am

Ծնողի ձայնագրությունը՝ Medmedia.am

Պատրաստեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ