Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հիվանդանոցում թեստերի ժամանման մասին նույնիսկ չէին լսել

Հիվանդանոցում թեստերի ժամանման մասին նույնիսկ չէին լսել

1735
0

Ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Գևորգյանը, որ նոր է վերադարձել Չինաստանից,  գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ քայլերին:

«Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն, քանի որ ես ինքս հենց նոր եմ Չինաստանից ժամանել եվ գիտեմ մի շարք հայերի, որոնք դեռեվս պետք է ժամանեն, հարկ եմ համարում ձեզ հղել տվյալ գրառումը եվ կանխել այն ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի կրկնումը, որին արժանացա ես եվ այն երկու հայերը, որոնք նույն չվերթով ժամանել էին Հայաստան։ Ժամանելուն պես անցակետի աշխատակիցը հարցրեց, թե որտեղից եմ ժամանել։ Ասացի “Չինաստանից”։ Խառնվեց իրար, խնդրեց կրկնել, հետո կանչեց բժիշկներից մեկին, որն ինձ խնդրեց հերթից մի կողմ կանգնել մյուս երկու Չինաստանից եկած հայերի հետ։ Այսպիսով փորձում էին մեզ հեռու պահել մնացած ժամանածներից, չնայած եթե որեվիցե մեկս իսկապես վարակված լիներ նոր կորոնավիրուսով, տվյալ “իզոլացումը” բոլորովին անիմաստ կլիներ, քանի որ վիրուսը մետրերի վրա տարածվելու հատկություն ունի։

Այնուհետեվ հարցրեցին արդյոք որեվե գանգատ ունենք։ Մյուս երկու հայերը ջերմում էին ու հաղում, ասացին որ արդեն ինչքան ժամանակ է մրսածություն ունեն, չնայած որ ստուգվել էին Չինաստանի հիվանդանոցներից մեկում եվ Չինական բժիշկները ժխտել էին վիրուսի առկայությունը։ Ես ասացի, որ պարզապես քիթս է փակ, որովհետեվ միջնապատի խնդիր ունեմ եվ այս վիճակն ինձ մոտ գրեթե խրոնիկ է։ Չհավատացին։ Ասացին, որ պետք է մյուս երկու հայերի հետ(որոնք վիրուսին բնորոշ մի շարք ախտանիշներ ունեին) պետք է գնամ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ պետք է հատուկ Չինաստանից գնված թեսթերով ստուգեն վիրուսի առկայությունը։ Երեքս էլ կողմ էինք ստուգմանը։ Ասացինք, որ ավելի քան ուրախ կլինենք ստուգվել, որպեսզի հանկարծ չվարակենք մեր ընտանիքներին եվ հարազատներին։ Մոտ կես ժամ սպասում էինք շտապօգնության մեքենային։ Երբ վերջապես եկավ, երեքիս միասին նստեցրին նույն մեքենան, չնայած որ կրկնում եմ, մյուս երկու հայերը լուրջ ախտանիշներ ունեին, այսինքն եթե նրանցից որեվե մեկը իսկապես հիվանդ լիներ, ես անշուշտ կվարակվեյի` նույն մեքենան նստելով։ Մինչ այդ շտապօգնության աշխատակիցները վախեցած նստած էին մեքենայի առջեվում եվ նույնիսկ չիջան մեքենայից։ Ասեմ նաեվ, որ աշխատակիցները չթողեցին, որ ծնողներս ուղեբեռս վերցնեն իմ փոխարեն, ասացին, որ առայժմ պետք է օդանավակայանում մնա։

Գնացինք հիվանդանոց, որտեղ թեսթերի ժամանման մասին նույնիսկ չէին լսել։ Բժիշկներն ասացին, որ թեսթերը իսկապես գնվել են, բայց դեռեվս չեն ժամանել, այսինքն մոտ 30 ժամանոց թռիչքից հետո մեզ տարան Նորք, որտեղ մեզ ստուգելու տարբերակ նույնիսկ չունեին։ Փոխարենը չափեցին ջերմություններս եվ հասցե ու անուն ազգանուն գրանցելուց հետո բաց թողեցին։ Գնացինք հետ օդանավակայան, որտեղ բժիշկները զարմացան, որ մեզ «բաց են թողել»:

«Ո՞նց: Թեսթերը չկա՞ն»: Փաստորեն մեր առողջապահության տարբեր օղակներն ոչ միայն անպրոֆեսիոնալ են, այլեվ այսպես ասած իրարից բացարձակապես բեխաբար։ Տուն հասանք ժամը գիշերվա 5ին, չնայած թռիչքս ժամանել էր 12։45։ Հաջորդ առավոտյան հիվանդանոցի եվ առողջապահության աշխատակիցները սկսեցին շարունակ զանգել ու գալ մեր տուն ջերմությունս ստուգելու։ Նաեվ ասացին, որ պետք է նորից գնամ Նորքի հիվանդանոց ու թոքերս նկարահանեմ։

Հարց 1. Ինչու՞ չէր կարելի նույն բանն անել առաջին անգամ Նորքի հիվանդանոց գնալուն պես։

Հարց 2. Մի՞թե ձեր աշխատակիցները չգիտեն, որ վիրուսի ախտանիշները թոքերի վրա սկզբնական շրջանում չեն երեվում, այսինքն առանց թեսթի այն ախտորոշել հնարավոր չէ։ Այսինքն ստացվում է, որ  բոլոր պրոցեդուրաներն անց են կացվում ոչ թե պոտենցյալ հիվանդներին օգնելու կամ հիվանդությունն ախտորոշելու, այլ պարզապես բյուրոկրատիկ նպատակներով։ Վիրուսն իսկապես լուրջ աղետ է, եվ նմանատիպ բյուրոկրատիկ մոտեցմամբ` հաստատ չեք կարողանա կանխել նրա մուտքը Հայաստան։ Մուտք գործողներին պետք է ստուգել համապատասխան թեսթերով եվ առանձնացնելու դեպքում համոզվել, որ իսկապես հիվանդներն (կամ սուր ախտանիշներ ունեցողները)ու պոտենցիալ հիվանդները միմյանց չվարակեն։ Ձեր աշխատակիցներին նորմալ դիմակներ հատկացրեք եվ կարեվորը սովորեցրեք` ինչպես դրանք կրել (մի շարք բժիշկներ դիմակ չունեին կամ դրանք սխալ էին դրել)։ Հուսամ գրածս անարձագանք չի մնա եվ խնդիրները լուծում կգտնեն մինչեվ նոր հայերի ժամանումը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ