Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ ապագա է սպասվում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ին

Ի՞նչ ապագա է սպասվում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ին

2898
0

Ինչպես հունվարի 30-ին կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում հայտնի դարձավ, կառավարության որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, և 0.618 հեկտար հողամասը պետք է հետ վերցնել կազմակերպությունից:

Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Փաստացի այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:  Նախագծի հիմնավորման համաձայն, միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է և առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:

Այս իրողությունը փաստացի առիթ ստեղծեց, որպեսզի նույն օրը Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմեն  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  բացարձակ հիմնազուրկ համարելով, այն միտքը, թե միավորման արդյունքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ռեսուրսները կարող են հաջողությամբ օգտագործվել նաև մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում, քանի որ ներկայումս էլ դրա համար չկա իրավական կամ որևէ այլ բնույթի խոչընդոտ:

Նամակում մասնավորապես ասվում է․

«Անտեսելով  այն փաստը, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի` որպես առանձին կառույցի գոյությունն ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, փորձ է արվում «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը տեղավորել օպտիմալացման քաղաքականության համատեքստում: Սակայն իրականում օպտիմալացման քողի տակ 30-ամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ապահոված, երկրին միջազգային ճանաչում բերած և ոլորտում տարածաշրջանի առաջատար կազմակերպություն դարձած ազգային նշանակության (այդ թվում Արցախի Հանրապետության համար) ՁԻԱՀ-ի ԿՀԿ ՊՈԱԿ-ի միջոցները նվիրաբերվում են ՓԲԸ-ի (շահույթ հետապնդող կազմակերպության)՝ ամբողջովին իմաստափոխելով օպտիմալացման գաղափարը և, ըստ էության, հանգեցնելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի, որպես կարևորագույն կառույցի, լիկվիդացման․․․»:

Վերը թվարկված հիմնավորումները վկայակոչում են մի կողմը, իսկ հարցի երկրորդ կողմը  պաշտոնական պարզաբանումներն են։

Հունվարի 31-ին Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսի ընթացքում Արսեն Թորոսյանն անդրադարձավ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի փակման հարցին և Medmedia-ի այն հարցին, թե  արդյո՞ք փակվելու է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը և ինչո՞ւ, նախարարը պատասխանեց, որ կենտրոնը չի փակվում, այլ միաձուլվում  է մեկ այլ պետական բժշկական հաստատությանը։ Նա նաև նշեց, որ գիտության ձեռքբերումներն ու  մոտեցումներն այդ հարցում բերել են նրան, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը հարկ  է ինտեգրել առողջապահական համակարգի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է բուժանձնակազմի հնարավոր կրճատումներին, Թորոսյանը վստահեցրեց՝  ո՛չ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ -ում , ո՛չ  «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում որևէ ֆունկցիայի կրճատում, այդ թվում՝ բժշկական անձնակազմի կրճատում չի լինելու։

Պետք է նշել, որ փաստացի  բոլոր քննարկումների ակտիվ կողմում  «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի բուժաշխատողներն են, ովքեր կառույցի   օպտիմալացումը համարում են մեծ խոչընդոտ և՛ հետագա գործունեության և՛ աշխատակազմի համար։

Թեև վերոնշյալ 2 խոչընդոտներից մեկը պարզաբանում և լուծում ստացավ, որի համաձայն՝ կենտրոնի բուժանձնակազմին կրճատման վտանգ չի սպառնա, բայց այսուհանդերձ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի գործունեության ապագան՝  դեռևս անհայտ է։

Աննա Գալուստյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ