Գլխավոր էջ Գլխավոր Որո՞նք են Զինվորների ապահովագրության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

Որո՞նք են Զինվորների ապահովագրության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

768
0

Երբ  մեր տղաները կռվում էին և պաշտպանում էին մեր բոլորի անվտանգությունը նրանք վստահ էին, որ եթե իրենց հետ դժբախտ դեպք պատահի, ապա ամբողջ հասարակությունը և պետությունը կանգնած էին լինելու իրենց ընտանիքների կողքին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Այս պահին մենք ունենք 104 հատուցում, որոնք տեղի են ունեցել պատերազմից հետո։ Մինչ պատերազմը մենք ունեինք 416 շահառու։ Այսօր ունենք հիմնադրամի նիստ, որի ընթացքում կունենանք մի քանի տասնյակ նոր հատուցումներ» ։

Նրա խոսքով՝ պլանավորում են, որ յուրաքանչյուր շաբաթ կկատարեն մի քանի տասնյակ հատուցումներ. «Հիմնադրամի շահառուների շրջանակը չափազանց հստակ է և հստակ ցանկ կա։ Նրանք են՝ զոհված զինծառայողների կամ անհայտ կորածների ծնողները, կինը և երեխաները, բացառիկ դեպքերում կարող են լինել քույրն ու եղբայրը։ Կարող է հարց առաջանալ, թե ինչի է որոշակի ժամանակ ձգվում այդ հատուցումները կատարելու համար։ Ասեմ, որ ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն և դրա համար հավաքագրվի համապատասխան փաստաթղթեր, որոնք անելու համար ներգրավված են մարզպետարանները, Երանում՝ վարչական շրջանները, այսինքն համայնքային աջակցություն կա։ Այս պահին տրվում է միայն զոհվածների ընտանիքներին։ Ինչո՞ւ։ Քանի որ վիրավորված զինծառայողը նախ պետք է բուժվի, այդ բուժման արդյունքում առողջության վերականգնում տեղի ունենա, որից հետո նրան տրվում է հաշմանդամության կարգ, նոր դրանից հետո տվյալ զինծառայողը, այլ ոչ թե ծնողը, ինքն է դառնում մեր շահառուն։ Այդ գործընթացը շարունակական գործընթաց է։ Առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամության շահառուներ, երբ նրանք կստանան կարգեր»։

Ավետիքյանը նշեց, որ հատուցում ստանալու համար ընտանիքները պետք է դիմեն իրենց համայնքին, այնտեղ վերապատրաստված են իրավաբանական ծառայության աշխատակիցները, ովքեր ուղղորդում և օգնում են քաղաքացիներին, պատրաստում դիմումները, այդ բոլորն իհարկե անվճար է, որից հետո այդ փաստաթղթերն ուղարկվում են ՊՆ, նախարարությունը որոշակի գործընթացներ իր մոտ է իրականացնում, ապա ուղարկում է հիմնադրամ։ Եթե ընտանիքները չդիմեն համայնքին, ապա համայնքները կդիմեն, կգտնեն ընտանիքներին։

Վերջինիս խոսքով նրանք  քաջալերում են մարդկանց, կազմակերպություններին, համայքներին, որ յուրաքանչյուրն ինքն իր համայքում, շրջապատում, կարողությունների սահմաններում ինքնակազմակերպի և կարողանա դրամական միջոցներ փոխանցել հիմնադրամին։

«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար», հավելեց Վարուժան Ավետիքյանը։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ