Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ն հորդորում է հետևել բժշկական զննության անցկացման կարգին

ԱԱՏՄ-ն հորդորում է հետևել բժշկական զննության անցկացման կարգին

1693
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին  հատուկ ուշադրություն դարձնել պարբերական բժշկական զննության անցկացման կարգի պահպանմանը։ Հիմք ընդունելով մտահոգիչ վիճակագրությունն առ այն, որ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հանդեպ հարուցված վարչական վարույթների մեծ մասի դեպքում արձանագրվում են նշված կարգի խախտումներ՝ ԱԱՏՄ-ն խիստ միջոցներ է ձեռք առնելու։

Աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողները մինչև աշխատանքի ընդունվելը և աշխատանքի ընթացքում պարբերաբար պետք է բժշկական զննություն անցնեն։

• Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը տեսչական մարմնին ներկայացնել ու համատեղ որոշել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվը։

Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:

Կազմակերպության տնօրինությունը պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար:

• Պարբերական բուժզննություն անցկացնող բժշկական կազմակերպությունը պարտավոր է բուժզննման ամփոփ արդյունքները եզրափակիչ ակտով 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել կազմակերպություն և տեսչական մարմին:

Մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների ցանկում են, մասնավորապես, վնասակար քիմիական նյութերի հետ շփվող, արտադրական աղմուկի, ճառագայթման աղբյուրների պայմաններում, մեխանիկական սարքերի ու հաստոցների վրա, հանքարդյունաբերության ոլորտում աշխատողները և այլն։ Նրանց ցանկը հաստատված է կառավարության 1089-Ն որոշմամբ։ Բուժզննմամբ պետք է պարզվի հանձնարարվող աշխատանքներին աշխատողների առողջության համապատասխանությունը։

• Գործատուն պարտավոր է հետամուտ լինի աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննության անհրաժեշտ ծավալով և որակով կատարմանը։
Սա հնարավորություն կտա կանխել աշխատողների առողջական վիճակով պայմանավորված դժբախտ պատահարները և մասնագիտական հիվանդությունները և խուսափել վարչական պատասխանատվությունից:
Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաեւ պարտադիր պարբերական բժշկական զննություննչանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով։

Դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ծագած դրամական պահանջները՝ կապված աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ, հատուցում է գործատուն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ