Գլխավոր էջ Հարցազրույցներ Սրտի իշեմիկ հիվանդությունը երիտասարդանում է․ Գայանե Սարգսյան

Սրտի իշեմիկ հիվանդությունը երիտասարդանում է․ Գայանե Սարգսյան

4166
0

Մեր օրերում տարածված հիվանդությունների շարքին է դասվում սրտի իշեմիկ հիվանդությունը, որին  բախվում են բնակչության զգալի մասը` ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մյուս երկրներում։ Հետազոտությունների համաձայն  ամբողջ աշխարհում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդություններն առաջին տեղն են զբաղեցնում ու դրանց մոտ 40 տոկոսը բաժին է հասնում սրտի իշեմիկ հիվանդությանը։

Վերոնշյալ հիվանդության առաջացման, վաղ կանխարգելման, ախտանշանների բացահայտման, հիվանդության զարգացող ձևերից սրտամկանի սուր ինֆարկտի բացահայտման և այլ հարցերի շուրջ Medmedia-ն զրուցեց Best life բժշկական կենտրոնի սրտաբան Գայանե Սարգսյանի հետ։

Ի՞նչ պետք է իմանալ սրտի իշեմիկ հիվանդության մասին

-Սրտի իշեմիկ հիվանդությունը թթվածնի պահանջ և թթվածնի մատակարարում հավասարակշռության խախտում է։ Այն իրենից ենթադրում է սրտամկանի թթվածնապահանջի և իրեն հասցված թթվածնի անհամապատասխանություն։ Այսինքն  սիրտը նորմալ տեմպով է աշխատում, բայց դեպի իրեն բերող անոթը նեղացած է ու ադեկվատ արյուն չի հասնում։  Եթե սիրտը լուրջ սթրեսի է ենթարկվում  ու սկսում է  արագ, ուժգին զարկել, այդ ժամանակ բարձրանում է թթվածնապահանջը և այն անոթը, որ թթվածին է բերում, չի հասցնում ադեկվատ թթվածին մատակարարել։ Հիվանդության առաջացմանը նպասում են  պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։

Սրտի իշեմիկ հիվանդության ձևերից հատկապես տարածված է սրտամկանի սուր ինֆարկտը, ո՞րոնք են առաջացման պատճառներն ու  ախտանշանները․

-Ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության բարդացումն ու զարգացումն է։ Այն կտրուկ թթվածնաքաղցի առաջացումն է, որը բերում է սրտամկանի բջիջների մեռուկացման։ Կան նաև  բջիջներ, որոնք դադարում են կծկվել, բայց չեն մեռնում և պահում են իրենց կենսունակությունը, այսինքն քեզ տալիս են ժամանակ, որ վերականգնես թթվածնի ճանապարհը, այս դեպքում վերաբացես այն անոթը, որը փակվել  և կտրել է իր թթվածնի ճանապարհը։

Պետք է նշել, որ  հիվանդը կարող է ունենալ սրտի իշեմիկ հիվանդություն, բայց իր մոտ ինֆարկտ  չզարգանա։ Սրտի իշեմիկ հիվանդությունը ոչ միշտ է բերում ինֆարկտի, եթե ճիշտ ժամանակին հայտնաբերես և իրենով զբաղվես։ Ինֆարկտի բերող ռիսկի ֆակտորները սրտի իշեմիկ հիվանդության նույն ֆակտորներն են։  Գոյություն ունի ռիսկի ֆակտորների 2 տարանջատում՝ փոփոխության ենթակա և փոփոխության չենթարկվող։ Առաջինի մեջ է մտնում  արական սեռի ներկայացուցիչ լինելը, 50-ից բարձր տարիք ունենալը, ժառանգական նախատրամադրվածությունը, մետաբոլիկ խանգարումները, իսկ փոփոխության ենթարկվողներից են   նստակյաց կյանքը, ալկոհոլի չարաշահումը, ծխելն ու անկանոն սննդակարգը։ Ժառանգական նախատրամադրվածություն ասելով ենթադրում ենք՝ արդյո՞ք  60 տարեկանից ցածր  ընտանիքում առաջին կամ երկրորդ գծի հարազատները ունեցել են հանկարծամահություն, սրտամկանի ինֆարկտ և սրտի լուրջ պաթոլոգիա։

Պետք է հաշվի առնել նաև առօրյայում հանդիպող ազդակները, որոնք նախանշում են ենթադրյալ հիվանդության առաջացման մասին։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելիս կամ   շատ ուրախանալիս ու  բարկանալիս կրծքավանդակում, կրծոսկրի ետևում  առաջացող ծանրության զգացումը կարող է համարվել հավանական հիվանդության համախտանիշ։
Վերոնշյալ դեպքերում  ցանկալի է գնալ  պրոֆիլակտիկ հետազոտությունների։

Արդյո՞ք արդարացված է այն կարծիքը, որ հիվանդությունը զարգանում է հիմնականում  տղամարդկանց շրջանում

— Սրտի իշեմիկ հիվանդությունը տղամարդկանց շրջանում ավելի  հաճախ է  հանդիպում, բայց կանանց դեպքում կլիմաքսից հետո ռիսկը երկուսի միջև հավասարվում է, նույնիսկ որոշակի տարիք կա, որ կանանց թիվը սկսում է աճել։

Հայաստանյան փորձը ուսումնասիրելով՝ ո՞ր տարիքի մարդկանց շրջանում է հատկապես զարգանում իշեմիկ հիվանդությունը

-Հիվանդությունը հաճախ հանդիպում է 50-60 տարեկան  մարդկանց շրջանում։ Բայց  ցավոք պետք է նշել, որ խնդիրը երիտասարդացել է։ Գրականության մեջ նույնպես հանդիպում ենք հիվանդության երիտասարդացման խնդրին։  Այս խնդիրը զարգանում է մեծ ֆակտորներից ելնելով՝ աղտոտված օդ, միջավայր, անառողջ սնունդ, սխալ ապրելակերպ և նստակյաց կյանք։

Վերը թվարկվածներն իրենց հերթին վնասակար ազդակներ ունեն մեր օրգանիզմի վրա։ Այլ կերպ ասած «Սիրտը թունավորվում է» վնասակար սովորություններից, այդ թվում՝ ալկոհոլի տոքսիկ ազդեցությունների և ծխախոտի հետևանքով։

Սրտի իշեմիկ հիվանդության հավանական զարգացումներից խուսափելու համար  ի՞նչ խորհուրդների պետք է հետևել

-Իմ խորհուրդը գանգատների ի հայտ գալուն պես բժիշկներին դիմելն է։ Վաղ ախտորոշումը  կկանխարգելի հիվանդության զարգացումը։ Իսկ  վնասակար սովորություններից հրաժարվելով ու առողջ ապրելակերպ վարելով կխուսափենք հավանական հաշմանդամությունից։ Սրտի իշեմիկ հիվանդությունը հարաճում է ինֆարկտի, իսկ դա սրտամկանի բջջի մեռուկացումն է, և եթե սրտամկանի բջիջը մահացավ, մկանային նասոսի ֆունկցիան չի կարողանա գործառույթ իրականացնել, ինչն էլ կհանգեցնի հավանական հաշմանդամության։ Այդ ամենը կյանքի որակի իջեցում է։

Կարևոր է պարզապես, որ մարդ ֆիքսի սիմպտոմի կապը որևէ էմոցիոնալ կամ ֆիզիկական լարման հետ և ուշադիր ու հետևողական լինի սեփական անձի նկատմամբ։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ