Գլխավոր էջ Գլխավոր 4070 պարկ արյան բաղադրամասից 834-ը խոտանվել է . արյունաբանական կայանները կկենտրոնացվեն

4070 պարկ արյան բաղադրամասից 834-ը խոտանվել է . արյունաբանական կայանները կկենտրոնացվեն

1227
0

Առողջապահության նախարարությունը երեկ շրջանառության մեջ է դրել մի նախագիծ՝ ըստ որի՝ արյան փոխներարկման մարզային հինգ կայաններ միացվելու են  «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին:

Ըստ այդմ, «Հրազդանի մարզային արյան բանկ»-ը, Արմավիրի, Լոռու, Գյումրիի եւ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանները կմիանան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, որն էլ կլինի այս կայանների իրավահաջորդը: Հետևաբար  մարզային այս կայանների իրավունքներն ու պարտականություններն անցնելու են մայրաքաղաքում գործող արյունաբանական կենտրոնին:

Նման նախագիծ  մշակելը հիմնավորվում է 2018-ին արյան փոխներարկման մարզային կայաններում ուսումնասիրությունից հետո  հայտնաբերված բազմաթիվ խնդիրներով:Այդ խնդիրներից մեկը  մեծ քանակությամբ խոտանված արյունն է:

«Ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման եւ պահպանման  վիճակը, կադրային եւ սարքավորումներով  հագեցվածության մակարդակը, ինչպես նաեւ բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկայնություն կարող են առաջացնել արյան եւ դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար: Արդյունքում առավել խնդրահարույց են համարվում ՀՀ-ում արյան հավաքումն իրականացնող ենթակառուցվածքները, քանի որ գործող կայանները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային եւ սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից»,-գրված է նախագծում:

Նախարարությունը մասնավորապես նշում է, որ ուսումնասիրությունների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել արյան խոտանի տեսակարար կշռին:Չնայած որ, բոլոր արյան փոխներարկման կենտրոններում արյան խոտան կա, բայց մի քանիսում արյան խոտանների տեսակարար կշռի թիվը մտահոգիչ է:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2018թ.-ին հավաքագրված  4070 պարկ արյան բաղադրամասից  (էրիթտրոցիտային զանգված և թարմ սառեցված պլազմա) 834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է: Պատճառները կարող են լինել մի քանիսը. մասնագետները ճիշտ չեն հավաքում արյունը, նրանց հավաքած արյունը մեծ պահանջարկ չի վայելում և այլն: Մեկ այլ խնդիր է  մարզային կայանների կառուցվածքը. դրանք շատ հաճախ  ունեն իրարից տարբերվող և ոչ օպտիմալ կառուցվածք: Կենտրոններն ունեն նաև  կադրային խնդիրներ: Մասնավորապես մեկ մարզային ստորաբաժանման հաստիքացուցակը հասնում է մինչև 18,5 հաստիք (օրինակ` Լոռու մարզային արյան փոխներարկման կայան), իսկ մեկ այլ կայանում` 9,5 հաստիք (օրինակ` Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան): Հաստիքացուցակի անհավասարության շեշտը դրվում է հիմնականում վարչական մասի հաստիքների վրա, իսկ դրանցից մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են:

2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կրկին կատարվել է մարզային արյան կայանների գույքագրում և կրկին հաստատվել է, որ Արյան ծառայությունն անհրաժեշտ է կենտրոնացնել, հաշվի առնելով, որ գործող կայաններն ունեն անբավարար շենքային պայմաններ և հագեցած չեն պահանջվող սարքավորումներով և կադրերով:  Բայց արդյո՞ք այդ կայանները կփակվեն: Այս հարցին Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ արյան փոխներարկման ոչ մի կայան չի փակվի, այլ կգրոծեն որպես արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ: Իսկ մարզի մասնագետները հնարավորություն կունենան մշտապես ներգրավված լինել Արյունաբանական կենտրոնում կազմակերպվող գիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին:

«Նախագծի ընդունումը կնպաստի Արյան ծառայության մարզային ստորաբաժանումների միասնական կառավարմանը և աշխատանքների համակարգմանը Արյունաբանական կենտրոնի կողմից, մասնավորապես  գործընթացի վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է»,- գրված է նախագծում:

 

Սառա Հարությունյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ