Գլխավոր էջ Նորություններ Միգրեն. ախտանիշներն ու բուժումը

Միգրեն. ախտանիշներն ու բուժումը

2475
0

Միգրեն հիվանդության և դրա առաջացման պատճառների մասին կան բազմաթիվ թյուրըմբռնումներ  և առասպելներ:  Բայց փաստն այն է, որ մինչ այժմ այդ հիվանդության առաջացման պատճառները բժշկության մեջ պարզաբանված չեն:

Միգրենը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով: Սակայն, շատ հաճախ այն շփոթում են սովորական գլխացավերի հետ: Նման շփոթությունից խուսափելու համար նշենք, որ միգրենի ախտորոշման չափորոշիչները տրված են գլխացավն ուսումնասիրող Միջազգային ասոցիացիայի կողմից:

Ըստ այդ չափորոշիչների՝ միգրենն ուղեկցվում է 4-ից 72 ժամ տևող նոպայաձև գլխացավերով, գլխացավերն ունեն գոնե երկու հետևյալ բնութագրերը` գլխավորապես միակողմանի տեղակայում, կողմերի հաջորդում, հազվադեպ երկկողմանի, պուլսացող բնույթ, միջին կամ զգալի ինտենսիվություն (խանգարում է առօրյա գործունեությունը), ուժեղացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև միգրենի դեպքում առկա է գոնե մեկ ուղեկցող ախտանիշի առկայություն` սրտխառնոց, փսխում, լուսավախություն, ֆոնոֆոբիա (վախ բարձր ձայներից):

Մեզ հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբան Տաթև Մխիթարյանը նշեց, որ միգրենի առաջացման պատճառները, չնայած դեռ պարզաբանված չեն, սակայն  դրա շուրջ կան մի շարք վարկածներ:

«Ցավը միգրենի ժամանակ  նեյրոգեն, անոթային գործոնների ազդեցության հետևանք կարող է լինել: Միգրենի առաջացումը կապում են աուրայի, ինչպես նաև հորմոնալ խանգարումների հետ»:

Նշենք, որ ըստ նրա առաջացման պատճառների, առանձնացնում են միգրենի երկու տեսակներ՝ առանց աուրայի միգրեն (հասարակ միգրեն) և աուրայով միգրեն (ասոցիացված միգրեն): Հասարակ միգրենն ավելի հաճախ է հանդիպում, հենց այս տեսակն  էլ բնորոշվում է  վերևում թվարկված ցավային համախտանիշներով: Իսկ աուրայով միգրենի ժամանակ, որ համեմատաբար ավելի քիչ է հանդիպում, ցավային տիպիկ նոպայից առաջ աուրա է ձևավորվում, ի հայտ են գալիս կայծեր, կայծակային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ:

«Միգրենի բուժումը հիմնականում պրոֆիլակտիկ բնույթ ունի: Այն առավել շատ  դեղորայքային է: Դեղորայքները միտված են նոպաների նվազեցմանը: Այժմ  առավել շատ տարածված են տրիպտաները. Դրանք միգրենի դեպքում առավել արդյունավետ է օգտագործել հենց տրիպտաները հասարակ ցավազրկողների փոխարեն: »,- ասաց նյարդաբանը:

Իսկ այն հարցին, թե՞ արդյոք հղիության ընթացքում միգրենի ռիսկը նվազում է, բժիշկը պատասխանեց, որ դրանք պարզապես ենթադրություններ են, որ չունեն ոչ մի գիտական հիմք:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ