Գլխավոր էջ Գլխավոր Ոչ մի քաղաքացի պետք է չմնա հիվանդանոցի դռներին. Նիկոլ Փաշինյան

Ոչ մի քաղաքացի պետք է չմնա հիվանդանոցի դռներին. Նիկոլ Փաշինյան

1403
0

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան նանդրադարձավ բժշկական ապահովագրության մասին հարցին: Վարչապետը նշեց, որ կառավարությունում միասնական տեսակետ չկա այդ առիթով, ԱՆ-ն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար:

«Մեր խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Մի քանի քննարկում է եղել, այս պահին արձանագրում ենք՝ կառավարությունում այդ հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա: Սա հրավեր է բոլորիս՝ քննարկելու այդ հարցը, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրը, որ ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին: Ինքս ձևավորված տեսակետ այդ հարցի կապակցությամբ չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եկամտային հարկի փոփոխություն է տեղի ունեցել, և այն շարունակվելու է. առնվազն տեսանելի փուլում եկամտային հարկը դառնալու է 20 տոկոս՝ միասնական:

Ըստ Փաշինյանի՝ մի տվյալ կա, որ կարող է հրապարակել՝ 2020-ի հունվարի 1-ից տեղի ունեցող այդ փոփոխություններին գումարած այն, որ նվազագույն աշխատավարձը բարձրացել է, ՀՀ քաղաքացիներն ամեն ամիս 2,5 մլրդ-ից 4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու:

«Ես նկատի ունեմ շեշտադրումը քաղաքացիների բեռի վերաբերյալ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիները էական ֆինանսական աջակցություն են ստացել»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանն էլ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ մինչև 150 հազար դրամ ստացող մարդկանց կյանքում էական փոփոխություն չի եղել. նույնիսկ այն նվազեցումները, որ պետք է լինեն, փոխհատուցվելու են կուտակային վճարների իրենց մասնաբաժնի ավելացմամբ, իսկ նրանք գերակշռող մեծամասնություն են:

Ի պատասխան այս նկատառմանը՝ վարչապետը նշեց, որ նրանց համար այդ 6 տոկոսը կլինի էական և զգալի ազդակ, որը կլինի դժվար տանելի այս պահին: Ըստ նրա՝    լավագույն մոդելը չի ընտրվել:

«Ցավոք, ո՛չ լավագույնը, ո՛չ էլ վատագույնը, ո՛չ մի մոդել չի ընտրվել, կա բանավեճ: Դուք ասացիք մինչև 150 հազար ստացող աշխատողների վերաբերյալ: Այդ սեգմենտում փոփոխություն է տեղի ունեցել, նվազագույն աշխատավարձերի բարձրացման արդյունքում 130 հազար մարդու աշխատավարձ հունվարի 1-ից բարձրացել է, ձևակերպված աշխատավարձ ստացող ոչ բոլոր աշխատողներն են, որ այդքան են ստանում, շատերը ստանում են ծրարով սև աշխատավարձ: Մենք այս համահարթեցումն արել ենք, որ քաջալերենք, որ իրական աշխատավարձերը ֆիքսվեն, որից հետո կունենանք ավելի օբյեկտիվ պատկեր»,- հավելեց վարչապետը:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ