Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության փոխնախարար դարձած հարկային տեսուչը. «Ընտրյալ»-ը՝ Արտյոմ Սմբատյան

Առողջապահության փոխնախարար դարձած հարկային տեսուչը. «Ընտրյալ»-ը՝ Արտյոմ Սմբատյան

8317
0

Medmedia.am-ը նոր շարք է սկսում՝ «Ընտրյալները», որի շրջանակներում ներկայացնելու ենք, նորընտիր իշխանությունների վարած կադրային քաղաքականության անհայտ կողմերը:

Այս անգամ «Ընտրյալը» Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն է:

Երկրում իշխանական վերադասավորման արդյունքում Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, վերջինս լծվեց կադրային լուրջ փոփոխություններ իրականացնելու գործին: Թորոսյանի ամենաքննարկված կադրերից է Արտյոմ Սմբատյանը:

Սմբատյանն այս պաշտոնին նշանակվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Լևոն Հակոբյանը:  Հակոբյանը մի քանի տարի աշխատել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում, իսկ այս տարվա մարտին նա նշանակվել էր փոխնախարար: Ինչպես Հակոբյանի աշխատանքից ազատման լուրը նախարարությունում չի ողջունվել, այդպես էլ  չի ողջունվել նաև Արտյոմ Սմբատյանի նշանակումն այդ պաշտոնին: Արտյոմ Սմբատյանը մինչ այդ զբաղեցնում էր նախարարության գլխավոր քարտուղարի ԺՊ-ի պաշտոնը:

Նշենք, որ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ի  մրցույթին մասնակցելու համար դիմել էր երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Այդ ժամանակ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն Արտյոմ Սմբատյանն էր, ով մրցույթին մասնակցելու հայտ չէր ուղարկել:

Ըստ որոշ տեղեկությունների Արտյոմ Սմբատյանի՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ վերջինս չէր համապատասխանել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին և եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա վերջինս օրենքի խախտմամբ է 9 ամիս զբաղեցրել գլխավոր քարտուղարի ԺՊ-ի պաշտոնը: Նման պնդումների համար հիմք է հանդիսանում նաև այն, որ նախարարությունը թե՛ գլխավոր քարտուղարի ԺՊ-ի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ և թե՛ արդեն փոխնախարար նշանակվելուց հետո չի հրապարակել Սմբատյանի կենսագրությունը՝ անգամ լրատվականների հարցումների պարագայում նրանց չի տրամադրել, իսկ այդ փաստը պատճառաբանվել է հետևյալ կերպ՝ նրա անձնական գործը չի գտնվում նախարարությունում:

Հասկանալի է, որ որևէ պաշտոնում նշանակվելուց առաջ համապատասխան բաժնում  ուսումնասիրվում է տվյալ անձի կենսագրական  տվյալները և միայն որոշակի պահանջներին համապատասխանելուց հետո է նշանակումն իրականացվում: Այս պարագայում անհասկանալի է նման պատասխանը: Այստեղ կարելի է դիտարկել երկրոդ վարկածը, որ եթե այդ փաստաթղթերը նախարարությունում չեն, ապա կառավարությունում են և եթե նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ, ապա դրա անմիջական պատասխանատուն դառնում  է կառավարության ղեկավարը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է և հավանական է, որ հենց նա է միջնորդել, որ վարչապետը հենց նրան նշանակի, ստացվում է, որ նախարարը պետք եղած դեպքում ուրանում է կառավարության ղեկավարի կողմից իր խնդրանքներին ընդառաջելու հանգամանքը:

Մեր տեղեկություններով Սմբատյանի կենսագրական տվյալները գաղտնի պահելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ վերջինս բժշկական կրթություն չունի և նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, որպես հարկային տեսուչ:

Նշենք, որ Սմբատյանն ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ գրեթե հրապարակումներ չի անում՝ հատկապես անձնական կյանքից, անգամ լուսանկարներ չի հրապարակում: Նախկինում գլխավոր քարտուղարի ԺՊ-ի պաշտոնում նշանակվելուց հետո մամուլը անդրադարձել էր նաև նրա ֆեյսբուքյան էջին և գրել, որ գրեթե նկար չկա, բացառությամբ Արսեն Թորոսյանի հետ համատեղ նկարի։ Իսկ այսօր կրկին էջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սմբատյանը հետևողական է մամուլի՝ իրեն պետք եղած հրապարակումներին և այդ հրապարակումից հետո ջնջել է Թորոսյանի հետ համատեղ լուսանկարը:

Նշենք նաև, որ Արտյոմ Սմբատյանն առողջապահության փոխնախարարի պաշտոնում իրականացնում է`

  1. արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություների (բացառությամբ ստոմատոլոգիական և հոգեբուժական ծառայությունների) կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով:
  2. դատաբժշկական, դատահոգեբուժական, ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություների կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով,
  3. մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության միջոցով,
  4. նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքների համակարգումը` նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության միջոցով,
  5. առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքների, ներառյալ` նախարարության բյուջետային գործընթացի, պետական պատվերի տեղադրման գործընթացի, պայմանագրային գումարների տեղաբաշխման և վերաբաշխման, նախարարության ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության համարակգումը` նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության և պետական առողջապահական գործակալության միջոցով:

Картинки по запросу Արտյոմ Սմբատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ