Գլխավոր էջ Նորություններ «Ես պատրաստ եմ աշխատել Մարալիկի ծննդատանը». Վահագն Մադոյանը

«Ես պատրաստ եմ աշխատել Մարալիկի ծննդատանը». Վահագն Մադոյանը

16339
0

Ես պատրաստ եմ գնալ ու աշխատել Մարալիկի ծննդատանը, սակայն ինչպես տեսնում եք նախարարությունն ուզում է լուծարել հիվանդանոցը: Ես էլ ո՞նց գնամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ գինեկոլոգ Վահագն Մադոյանը:

Հիշեցնենք, որ օրերս Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ծննդատան փակման պատճառով քաղաքացիները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը:

«Հիվանդանոցի անձնակազմն առաջարկել է, որ գնամ ու աշխատեմ, ես նաև բազմաթիվ անգամներ աջակցել եմ: Ինչպես գիտեք հայրս՝ Ֆուրման Մադոյանը այնտեղ է աշխատել երկար տարիներ: 2 ամիս առաջ, երբ մահացավ հայրս, ասել եմ,  որ կարող եմ աշխատել, եթե չփակվի: Ի վերջո, դա 45 տարվա ծննդատուն է»,- ասաց Վահագն Մադոյանը:

Բժիշկը նաև նշեց, որ այդ տարածքի համար ամսական 106 ծնունդը նորմալ ցուցանիշ է: Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատունը սպասարկում է 17 գյուղի: «Էնպես չի, որ բնակչությունը շատ է ու ծնունդներն են քիչ»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Բժշկի մայրը՝ Ջուլիա Մադոյանն էլ ասաց, որ ճիշտ չէ ծննդատունը լուծարելը, քանի որ բարդ դեպքեր են լինում, երբ հղիներին անգամ մեկ կիլոմետր չեն կարող տեղափոխել, ուր մնաց, թե հասցնեն Արթիկ կամ Գյումրի:

«Ես չգիտեմ, թե նախարարն ինչ է մտածել, որ ուզում է լուծարել ծննդատունը, բայց  այդտեղ արդեն 45 տարի է՝ ծննդօգնություն է ապահովվում 17 գյուղի բնակիչների համար և դժգոհություններ չեն եղել: Անգամ քաղաքի ծննդատներում այդքան ծնունդ չի լինում, գյուղերում որտեղի՞ց լինի 150 ծնունդ: Ժամանակին հիվանդանոցը բավականին հագեցած էր սարքավորումներով, իսկ նախկին տնօրենը քանդեց ամեն ինչ, հիմա էլ հերթը հասել է ծննդատանը, ուզում են փակել»,- ասաց Ջուլիա Մադոյանը:

Ծննդատան աշխատակիցներն էլ նշեցին, որ 2008 թվականին որովայնային հղիության դեպք է եղել, երբ երեխան արգանդից դուրս է զարգացել և դեպքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

«Ավստրալիայում նման դեպք է եղել, 2200 գ քաշով երեխա է ծնվել: Վիրահատությանը 36 բժիշկ է մասնակցել, իսկ նույն վիրահատությունը մենք արել ենք 2 բժշկի հետ և օգնության է հասել 3-րդը ու դեռ ասում են, որ մենք որակ չունե՞նք»,- ասաց Մարալիկի ծննդատան բուժքույր Հերմինե Հանիսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ