Գլխավոր էջ Նորություններ 30 հազարով ո՞վ կաշխատի. Մարալիկի ծննդատանը տեղի է ունեցել քննարկում

30 հազարով ո՞վ կաշխատի. Մարալիկի ծննդատանը տեղի է ունեցել քննարկում

889
0

Մարալիկի ծննդատան աշխատակիցների և առողջապահության նախարարության աշխատանքային խմբի միջև տեղի է ունեցել քննարկում: Ըստ առողջապահության նախարարության աշխատակցի՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

«150-ից պակաս ծնունդ ունեցող ծննդատները չեն համապատասխանում նույնիսկ առաջին մակարդակին։ Մակարդակավորվել են ծննդատները ըստ իրենց գործառույթների եւ 150-ը սահմանվել է ամենանվազագույն թիվը։ Եթե 3 օրը մեկ եք ծնունդ ընդունում, ապա այսպես թե այնպես նրանց որակավորումն է ընկնում, որովհետեւ 3 օրը մեկ ծնունդ ընդունելը որակ չի ապահովում»։

150 թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ոչ միայն ծախսարդյունավետության տեսանկյունից, այլև մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից:

«Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, որ մոր եւ մանկան մահացության դեպքերը կրճատվեն։ Այստեղ նույնիսկ բժշկի շուրջօրյա հերթապահություն չկա, քանի որ մեկ հոգին ի վիճակի չէ ամեն օր հերթապահել։ Բուժպերսոնալով նախարարությունը չի ապահովում, քանի որ մենք ունենք կադրային դիֆիցիտ։ Դրա մասին պետք է մտածի նաեւ ձեր մարզային ղեկավարությունը, ու բժիշկն էլ պետք է ցանկություն ունենա գալու»,- հավելեց նախարարության աշխատակիցը։

Մարալիկի ծննդատան աշխատակիցն էլ հարցրեց, թե ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը նոր մասնագետներով չի համալրում հիվանդանոցները.

«Որտե՞ղ են արդինատուրայում սովորող բժիշկները, նախարարը մեկ տարի շարունակ ասում է, որ ունի այդպիսի մասնագետներ, որ ուղարկի մարզեր, սակայն մի մասնագետ չուղարկեցին։ Ո՞վ կգա 30 հազար դրամով աշխատի»։

Նախարարության աշխատակիցն էլ պատասխանեց, որ նրանք չեն կարող պարտադրել մասնագետներին մարզերում աշխատելու գնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկի ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։ Նրանց էր հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և խնդրել բացել ճանապարհը։

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ