Գլխավոր էջ Նորություններ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի բժշկական կենտրոնում ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի բժշկական կենտրոնում ծանոթացել է իրականացված աշխատանքներին

1587
0

Դիլիջանում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբացմանը: Կարմիր ժապավենը կտրելուց հետո վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, բուժհաստատության աշխատակիցների և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջեց վերանորոգված կենտրոնի բաժանմունքներում։

Մինչ բաժանմունքներում շրջայց կատարելը՝ ներկաները պատրաստված հոլովակից տեղեկացան կատարված աշխատանքների ծավալների մասին։ Դիլիջանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել, վերակառուցվել ու վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Իրականացվել են լանամասշտաբ շինարարական աշխատանքներ։

Բժշկական կենտրոնը վերակառուցելու և վերազինելու համար Հարություն Քուշկյանը ներդրել է ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ամեն ինչ նո՞ր է, օգտագործված որևէ բան չկա՞, աշխատակիցները դրական պատասխան տվեցին` հաստատելով, որ ամեն ինչ նոր է։

Անհետաձգելի բուժօգնության ծառայության մատուցման սենյակում գտնվող սարքավորումներին ծանոթանալու ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ սկզբունքային փոփոխություններ են մտցնում հիվանդանոցներում հիվանդների ընդունման կարգի մեջ։ «Գալիք տարում կփորձենք բոլոր հիվանդանոցներում զարգացնել այս հատվածը։

Ժամանակին այսպիսի բան չի եղել, դուռը թակել են ու գնացել են միանգամից բաժանմունք»,- նկատեց Թորոսյանը։ Ծննդօգնության բաժանմունքում գտնվելու ժամանակ բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգ Հարություն Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի ծնունդների թիվն ավելացել է։ «Անցյալ տարի եղել է 183 ծնունդ, այս տարի՝ 187 ծնունդ։ Ավելացման միտում կա»,- ասաց բժիշկը։ Այնուհետև վարչապետին ներկայացվեցին նոր ձեռք բերված սարքավորումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ