Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ախտանշաններն են հուշում ռինիտի՝ հայմորիտի վերածվելու մասին

Ո՞ր ախտանշաններն են հուշում ռինիտի՝ հայմորիտի վերածվելու մասին

887
0

Տարվա այս եղանակին գրիպը, հարբուխն ու սուր շնչառական վարակիչ այլ հիվանդությունները բավական տարածված են լինում։ Այս հիվանդությունները գրեթե միշտ դրսևորվում են քթի փակվածությամբ և սկզբնական շրջանում ունենում են նման ախտանշաններ, ինչի հետևանքով մարդիկ դրանք հաճախ են շփոթում, սակայն դրանց ընթացքն ու հնարավոր բարդությունները սովորաբար տարբեր են լինում։

Ի տարբերություն սեզոնային այլ հիվանդությունների՝ ռինիտի դեպքում հիվանդը հաճախ է փռշտում, իսկ քթից հոսող արտադրությունը թափանցիկ հեղուկ է լինում։ Բացի այդ, հիվանդները հաճախ են գանգատվում ականջների փակվածությունից, քթի քորից ու չորությունից։ Այս հիվանդությունը սովորաբար բավական արագ է բուժվում և չի ենթադրում որևէ առանձնահատուկ բուժում, սակայն որոշ դեպքերում այն կարող է բարդանալ ու վերածվել հայմորիտի, ինչն արդեն շատ ավելի լուրջ խնդիր է և ենթադրում է բժշկական միջամտություն։

Երբ հասարակ ռինիտը վերածվում է հայմորիտի, ի հայտ են գալիս բավական տհաճ ախտանշաններ, որոնք հուշում են անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Սովորաբար այս խնդրի զարգացումն ուղեկցվում է գլխացավով, իսկ քթից հոսող արտադրությունը փոխում է գույն։ Հարկ է հիշել, որ հայմորիտի դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացում նկատվում է սուր փուլում, մինչդեռ քրոնիկ բնույթ ստացած հայմորիտի դեպքում այն մնում է նորմայի սահմաններում։

Ռինիտի՝ հայմորիտի վերածվելը ժամանակին նկատելու և էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել հիվանդության մասին հուշող ախտանշաններին։ Սա շատ կարևոր է, քանի որ հայմորիտը ժամանակին չախտորոշելու դեպքում կարող է առաջանալ վիրահատական միջամտության կարիք։ Սա է պատճառը, որ եթե քթի փակվածությունը պահպանվում է բավական երկար ժամանակ և ուղեկցվում է գլխացավերով, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Մասնագետները նախազգուշացնում են, որ նման խնդիրը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այն անուշադրության մատնել չի կարելի։ Բանն այն է, որ հայմորիտի դեպքում քթի խոռոչներում թարախային զանգված է կուտակվում, որը կարող է տարածվել օրգանիզմում ու հայտնվել գլխուղեղում։ Սա կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ հանգեցնել մահվան։

Ժամանակին մասնագետին դիմելու դեպքում հայմորիտը կարելի է հեշտությամբ բուժել։ Սովորաբար նման դեպքերում նշանակվում են քթի խոռոչների լվացումներ, քթի կաթիլներ ու հակաբիոտիկներ, մինչդեռ բարդացած դեպքերում կարող է պահանջվել անգամ վիրահատական միջամտություն։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ