Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող հիմնական ախտանշանները

Որո՞նք են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող հիմնական ախտանշանները

809
0

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։ Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, սակայն մասնագետները վստահ են, որ շատ դեպքերում բավական զգոն լինելն ու հիվանդության ախտանշանները չանտեսելը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել հետագա բարդացումները կանխելու համար։

Մասնագետները նախազգուշացնում են, որ այս հիվանդության դեպքում սրտամկանն անդառնալի վնասվածքներ է ստանում, իսկ դրա հետևանքով մահվան դեպքերի կեսը գրանցվում է ախտանշանների ի հայտ գալուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ արագ արձագանքել ախտանշաններին ու ժամանակին դիմել բժշկին։

Express պարբերականի հետ զրույցում բրիտանացի բժիշկները ներկայացրել են չորս ախտանշան, որոնք հուշում են սրտամկանի ինֆարկտի մասին և կարող են շատ վտանգավոր լինել անուշադրության մատնելու դեպքում։ Մասնագետներն ընդգծում են, որ սրտամկանի ինֆարկտի կլինիկական պատկերը մարդկանց մոտ կարող է տարբեր լինել, սակայն կան որոշակի նախանշաններ, որոնք ընդհանուր են լինում, ուստի դրանք չի կարելի անուշադրության մատնել։

Տհաճ գացողություններ կրծքավանդակում

Սրտի նոպան սովորաբար դրսևորվում է կրծքավանդակի մեջտեղի հատվածի թույլ ցավով կամ տհաճ զգացողություններով։ Հիվանդներն այդ ցավը նմանեցնում են սեղմվածության ու ճնշման զգացմանը։ Որոշ դեպքերում տհաճ զգացողությունները բավական ուժգին են լինում և ի հայտ են գալիս կտրուկ։ Բացի այդ, ցավը կարող է նաև պարբերաբար ուժգնանալ ու մեղմվել։

Ցավ, որը կրծքավանդակից տարածվում է նաև մարմնի այլ հատվածներում

Սրտի նոպայի դեպքում ցավը կարող է տեղակայված լինել ոչ միայն կրծքավանդակի հատվածում, այլև աստիճանաբար տարածվել նաև ձեռքի (կամ ձեռքերի), մեջքի, պարանոցի, ծնոտի ու որովային հատվածում։

Դժվարացած շնչառություն

Եթե ընդամենը աստիճանները բարձրանալն արդեն իսկ դառնում է սաստիկ հոգնածության ու հևոցի պատճառ, ապա հարկավոր է դիմել սրտաբանին։ Նման հոգնածությունը կարող է հուշել սրտի հիվանդությունների մասին, որոնք թույլ չեն տալիս սրտամկանին ինչպես հարկն է իրականացնել արյան շրջանառությունը։ Այս դեպքում սրտի նոպայի բարձր հավանականության մասին հոգնածությունից ու հևոցից բացի հաճախ հուշում են նաև կրծքավանդակի ցավն ու նախաուշագնացային վիճակը։

Սրտխառնոց

Սառը քրտինքը կամ անսպասելի սրտխառնոցն ու փսխումը ևս կարող են նախազգուշացնել սրտի նոպայի մասին, ուստի նման արտասովոր ախտանշանը, որը չունի որևէ պատճառ, ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Փորձագետները հիշեցնում են, որ սրտամկանի ինֆարկտի կասկածների դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, քանի որ հապաղելը կարող է ճակատագրական լինել։ Այս ախտանշանները կարող են և պայմանավորված չլինել սրտամկանի ինֆարկտով, սակայն դրանք այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Շտապօգնություն կանչելուց հետո հարկավոր է հանգիստ նստել ու հնարավորինս թուլանալ մինչ բուժաշխատողների գալը։ Սա թույլ կտա առավելագույնս նվազեցնել սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, հարկավոր է նաև ասպիրինի դեղահաբը դանդաղ ծամել ու կուլ տալ՝ լուրջ բարդությունների հավանականությունը նվազեցնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ