Գլխավոր էջ Նորություններ Քրքումը կարող է արդյունավետ ցավազրկող միջոց լինել արթրիտի դեմ պայքարում

Քրքումը կարող է արդյունավետ ցավազրկող միջոց լինել արթրիտի դեմ պայքարում

358
0

Տասմանիայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ քրքումը կարող է հիանալի այլընտրանքային կամ հավելյալ բուժման միջոց լինել արթրիտով հիվանդների համար։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine պարբերականում։

Հետազոտությանը մասնակցել է ծնկահոդի սիմպտոմատիկ օստեոարթրիտով հիվանդ 70 մարդ, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները 12 շաբաթ շարունակ ամեն օր ընդունել են քրքումի երկու դեղապատիճ, մինչդեռ երկրորդ խմբի մասնակիցները ստացել են պլացեբո։ Հետազոտությունը ցույց է տվել, որ քրքումի հյութահանուկի գործածությունը ծնկահոդի ցավի դեմ պայքարում շատ ավելի արդյունավետ է, քան պլացեբոն։

Քրքումի նման ազդեցությունը պայմանավորված է դրա ակտիվ բաղադրիչով՝ քրքումինով, որը հզոր պոլիֆենոլային հակաօքսիդանտ է։ Այն օժտված է հակաբորբոքային ու հակասեպտիկ հատկություններով, որոնց շնորհիվ էլ օգնում է մեղմել ցավը։

Հարավասիական երկրների խոհանոցում լայն կիրառություն ունեցող այս համեմունքը դարեր շարունակ համարվել է նաև արևելյան բժշկության մեջ կիրառվող լավագույն բուժիչ միջոցներից մեկը, սակայն միայն վերջին տարիներին են գիտնականներն սկսկել դիտարկել այն որպես դեղամիջոց։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ այս համեմունքն իսկապես ունի թերապևտիկ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել թոքերի հիվանդությունների, ծերունական թուլամտության, սրտանոթային հիվանդությունների, ընկճախտի և անգամ քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում։ Ընդ որում՝ այս մթերքի հակաքաղցկեղային հատկությունները պայմանավորված են նրանով, որ այն դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների կիսման ու տարածման գործընթացը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ