Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Գրեսիկ շրջանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում առանց դիմակի շրջող անձանց որոշել են պատժել՝ նրանց ուղարկելով կորոնավիրուսի հետևանքով մահացածների համար գերեզմանափոս փորելու, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գերեզմանափոս փորելու են ուղարկել առաջին ութ իրավախախտներին:
Տեղական իշխանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ տեղում գերեզմաններ փորող միայն երեք մասնագետ է մնացել, այնպես որ կողքից «օգնությունը նրանց չէր խանգարի»:
Ինդոնեզական Գրեսիկ շրջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ, տեղի գյուղերում խստացնում են կարանտինային սահմանափակումները:
Երկրում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3636 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը համավարակի սկզբից հասել է 218 382-ի, այժմ նշվում է 54 220 ակտիվ վարակակրի մասին, սակայն փորձագետների համաձայն՝ նրանց իրական թիվը շատ ավելին է: