Գլխավոր էջ Նորություններ Ցիստիտ. ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

Ցիստիտ. ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

7612
0

Ցիստիտը տարածված հիվանդություն է, որն հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի բակտերիային բորբոքումը:

Ցիստիտն ավելի հաճախ զարգանում է կանանց մոտ (քանի որ կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքին մոտ), սակայն կարող է հանդիպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ երեխաների շրջանում: Ցիստիտը սովորաբար զարգանում է միզուկի բորբոքման հետ միասին (ուրետրիտ):

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի խոսքով հանրության շրջանում ցիստիտ անվանում են միզուղիների հետ կապված ցանկացած շեղում, կլինի հաճախամիզություն, դժվարացած միզարձակում, արյունային միզարձակում:  Սակայն առողջական խնդիրներից խուսափելու համար չպետք է առաջնորդվել  ենթադրություններով և հարկավոր է դիմել բժշկի:

 Ի՞նչ է ցիստիտը

Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է: Հաճախ ցիստիտի հիմքում ընկած է բակտերիային վարակը՝ որպես միզուղիների վարակի տեղային դրսևորում:

Ցիտիտը կարող է առաջանալ նաև սեռական հարաբերությունից հետո: Նման դեպքերում գանգատները սովորաբար ի հայտ են գալիս հարաբերությունից հետո մինչև 12 ժամվա ընթացքում:

Հիվանդությունն ավելի հաճախ հարուցվում է աղիներում ապրող աղիքային ցուպիկ (E. Coli) բակտերիայով:

Ցիստիտի առաջացման այլ պատճառներից են՝

  • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ)
  • ճառագայթային բուժում
  • որոշ դեղեր
  • օճառներում, լոգանքի փրփուրներում և սպերմիցիդներում առկա քիմիական նյութեր:

 Ցիստիտի ախտանիշները

Ցիստիտի հիմնական ախտանիշներն են՝

  • միզելու սուր մշտական ցանկություն
  • միզելիս այրոցի զգացում կամ ցավեր (ավելի հաճախ՝ միզելու ավարտին)
  • հաճախամիզություն
  • զուգարան գնալիս մեզի միայն փոքր քանակների միզում
  • որովայնի ստորին շրջաններում բութ ցավ
  • մեզի ուժեղ տհաճ հոտ, պղտոր կամ արյունային մեզ
  • ջերմության բարձրացում:

Եթե ձեզ մոտ նկատել եք այս գանգատները, անպայման դիմեք ձեր բժշկին, այլապես չբուժված ցիստիտը կարող է բարդանալ պիելոնեֆրիտով:

Ցիստիտի բուժումը

Բակտերիային ծագման ցիստիտի բուժումը սովորաբար անցկացվում է հակաբիոտիկներով:

Բժիշկը ձեզ կնշանակի նաև հանգիստ (անկողնային ռեժիմ) և առատ ջրի ընդունում: Ինքնօգնության որոշ միջոցներ կարող են օգնել ձեզ, որ մեղմացնեք միզարձակության հետ կապված գանգատները:

Ցիստիտի կանխարգելումը

Ցիստիտի կանխարգելումը ներառում է մեծ դժվարություն չներկայացնող որոշ քայլեր՝

  • առատ ջրի ընդունում
  • միզել՝ ցանկություն առաջանալուց անմիջապես հետո
  • միզել՝ սեռական հարաբերությունից անմիջապես հետո
  • օրական առնվազն մեկ անգամ ցնցուղ ընդունել (ծայրահեղ դեպքում՝ լվանալ սեռական օրգանները)
  • կրել ոչ թե արհեստական, այլ բամբակյա ներքնազգեստ
  • զուգարանից օգտվելիս և ընդհանրապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները
  • կանանց դեպքում՝ միզելուց հետո սեռական օրգանները մաքրել առջևից դեպի ետ (հետանցք), այլ ոչ թե հակառակ ուղղությամբ:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ