Գլխավոր էջ Նորություններ Սանասարյանի քրգործի զավեշտն ու դատական համակարգի « անկախությունը»

Սանասարյանի քրգործի զավեշտն ու դատական համակարգի « անկախությունը»

681
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանը Դավիթ Սանասարյանի կողմից մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը գործը կարճելու՝ քննիչի որոշման դեմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ներկայացրած բողոքը ճանաչեց հիմնավորված:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ իր ներկայացրած բողոքը բավարարվել է և պետք է քննություն վերսկսվի։ Ըստ նրա՝ պետք է փորձաքննության առարկա դարձնել բոլոր հանգամանքները և ելակետային տվյալները:

Medmedia.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ իր բողոքի հիման վրա գործն ավարտված է․

« Գործն ավարտված է, բայց մյուս կողմը կարող է դիմել Վճռաբեկ դատարան։ Պարզից էլ պարզ էր, որ փորձաքննությունը թերի էր, զավեշտալին այն է, որ 2014թ-ին արտադրված մեքենայի տեխնիկական վիճակի մասին 1985 թ-ի գրականությամբ են տեղեկատվություն տալիս։ Մեքենայի փորձաքննությամբ ասվել էր, թե պարոն Սանասարյանն այդ պահին ի վիճակի չէր խուսափել վրաերթից, բայց այս փորձաքննությունը վստահություն չի ներշնչում, հարկավոր է կրկնակի քննություն անել, որի արդյունքում հնարավոր է պարզվի՝ պարոն Սանասարյանը մեղավոր է»,-նշեց Աթանեսյանը։

Նշենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության լիազորությունները ժամանակավոր կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ վրաերթի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, սակայն գործը հետագայում կողմից  կարճվել էր:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:

Սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Դավիթ Սանասարյանը ,տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ