Գլխավոր էջ Նորություններ Համավարակն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հայաստանյան ծայրահեղ աղքատ ընտանիքների շրջանում

Համավարակն ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հայաստանյան ծայրահեղ աղքատ ընտանիքների շրջանում

589
0

Վորլդ Վիժն Հայաստանն իրականացրել է համավարակի ազդեցության գնահատում՝ նպատակ ունենալով բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնք համավարակի հետևանքով առաջացել են կազմակերպության ծրագրերում ներառված ծայրահեղ աղքատ և խոցելի ընտանիքների շրջանում։

Հարցումն իրականացվել է 1175 ընտանիքների շրջանում։ Ուսումնասիրվել է համավարակի ազդեցությունը կրթության կազմակերպման, եկամուտների (ապրուստի միջոցների) և ներընտանեկան հարաբերությունների համատեքստում։

Կրթության կազմակերպման վերաբերյալ հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 80․9%-ի մոտ առկա է թվային տեխնիկական սարքավորում։ Այնուամենայնիվ, հարցված ընտանիքների երեխաների 13.8%-ը, այդ թվում՝  հաշմանդամություն ունեցող երեխաների 28.6%-ը, չի մասնակցել հեռավար դասերին՝ մեծամասամբ անհրաժեշտ տեխնիկական սարքերի բացակայության և ինտերնետ կապով ապահովված չլինելու պատճառով։

Մտահոգիչ են հատկապես ընտանիքների եկամուտներին և տնտեսական վիճակին վերաբերող տվյալները։ Մասնավորապես՝

  • Հարցվածների 44.6%-ի տնտեսական վիճակը տուժել է COVID-19 բռնկումից հետո:
  • 7%-ի աշխատանքը տուժել է COVID-19 բռնկումից հետո:
  • Նախքան CՕVID-19-ը, օրավարձով աշխատանքից եկամուտ էր ստանում ամեն 4-րդը ընտանիքը, իսկ COVID-19-ի հետևանքով՝ ամեն 10-րդը։
  • Նախքան COVID-19-ը, արտագնա աշխատանքից եկամուտ էր ստանում ամեն 4-րդը ընտանիքը, COVID-19-ի հետևանքով` ամեն 20-րդը։
  • Նախքան համավարակը, 100 ընտանիքից 13-ը օգնություն էր ստանում բարեգործական կազմակերպություններից։ Հարցման պահին ստանում էր 100-ից 24-ը։

«Այս հետազոտությունը մեզ թույլ է տալիս լավագույնս պատկերացնել կազմակերպության ծրագրերում ընդգրկված ծայրահեղ աղքատ ընտանիքների կարիքները և մեր հետագա անելիքները մշակել համապատասխան այս կարիքներին։ Այս ընտանքիների հետ աշխատանքում Վորլդ Վիժնը, բացի անմիջական աջակցության տրամադրումից, իրականացնելու է նաև «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը, որպեսզի համապարփակ միջամտությունների արդյունքում հնարավոր լինի ընտանիքներին դուրս բերել ծայրահեղ աղքատությունից», — նշում է Վորլդ Վիժն Հայաստանի «Ընտանիքների աղքատության հաղթահարում» ծրագրի ղեկավար Վահե Դարբինյանը։

Հետազոտությանը մասնակցած ընտանիքները մասամբ են կարողանում կամ ընդհանրապես չեն կարողանում հոգալ հիմնական կարիքները․

  • 8%-ը՝ սննդի,
  • 7%-ը՝ ախտահանիչ նյութերի, դիմակների և ձեռնոցների,
  • 6%-ը՝ մաքրող ու լվացող միջոցների,
  • 7%-ը՝ երեխաների հեռավար դասընթացի համար անհրաժեշտ համակարգիչների ու բջջային հեռախոսների,
  • Իսկ 70.7%-ը՝ դպրոցական պարագաների կարիքը (գրիչ, ներկ, տետր, քանոն, թուղթ և այլն):

Մարտ ամսից ի վեր Վորլդ Վիժն Հայաստանն աջակցել է ավելի քան 4,000 ընտանիքի Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Վորլդ Վիժն Հայաստանը նաև տրամադրել է սարքավորումներ և ինտերնետ կապի հնարավորություն ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

«Թեպետ ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրվել է թե՛ Վորլդ Վիժն Հայաստանի, թե՛ պետական և այլ հասարակական կառույցների կողմից, այնուամենայնիվ, այս աջակցությունը ոչ միշտ է եղել համակարգված։ Օրինակ` որոշ համայնքներում համակարգման բացակայությունը հանգեցրել է նրան, որ միևնույն ընտանիքները կրկնակի աջակցություն են ստացել, մինչդեռ մյուսները չեն ստացել որևէ աջակցություն՝ ակնհայտորեն ունենալով դրա կարիքը», — ասում է որլդ Վիժն Հայաստանի Շահերի պաշտպանության և համագործակցության հարցերով փորձագետ Գայանե Մարտիրոսյանը։

Հետազոտության ամբողջական տարբերակները՝ հայերեն լեզվով և անգլերեն լեզվով։

Հետազոտության վերաբերյալ ինֆոգրաֆիկ տեսանյութը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ