Գլխավոր էջ Նորություններ Տարօրինակ է համավարակի ընթացքում Թորոսյանի արձակուրդ մեկնելը․ Իվետա Տոնոյան

Տարօրինակ է համավարակի ընթացքում Թորոսյանի արձակուրդ մեկնելը․ Իվետա Տոնոյան

507
0

Մի քիչ անսպասելի էր արձակուրդ գնալու պահը, բայց կարծում եմ, որ երևի դրա համար պատճառներ կան, գուցե հանգստի կարիք ուներ կամ այլ պատճառ, չեմ կարող ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ արձակուրդ մեկնելուն։

«Համենայնդեպս, եթե չկա որևէ պատճառ, ապա կորոնավիրուսի, արտակարգ դրության իրավիճակում ի՞նչ անհրաժեշտություն կար արձակուրդ մեկնելու։ Բայց քանի որ ես հստակ տեղեկություններ չունեմ, պետք է այդ տեղեկությունները ստանամ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե երկու օր է շրջանառվում են լուրեր, թե առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև վեճ է եղել, Լուսինե Բադալյանն ասում է, որ տեղեկություն չունի հրաժարականի վերաբերյալ, ինչ վերաբերում է վիճաբանությանը, ապա եթե նման բան լիներ, գոնե լսած կլիներ, բայց չի լսել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տարօրինակ է համարում այս իրավիճակում նախարարի արձակուրդ մեկնելը․

«Ինձ համար առավել քան տարօրինակ է, որ համավարակի այս պայմաններում, երբ անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր օր ունենում ենք վարակվածների մեծ քանակ,  համակարգում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, առողջապահության նախարարը մեկնում է արձակուրդ։ Կարծում եմ, որ այս մասով հավելյալ պարզաբանման անհրաժեշտություն կա, և իշխանությունները պարտավոր են պատասխանել, թե ինչպե՞ս են հանգիստ խղճով առողջապահության նախարարի արձակուրդ մեկնելու մասին որոշում կայացնում»։

Իվետա Տոնոյանը կանխատեսումներ չի ցանկանում անել, բայց տեղյակ է մամուլի այն հրապարակումներից, թե Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել։ Ընդգծում է, որ եթե նման գործընթաց կա, ապա իշխանության կողմից շատ ավելի ազնիվ կլիներ առանց հավելյալ բյուրոկրատական քաշքշուկների բարձրաձայնել որոշման մասին։

«Որովհետև կոնկրետ այս խնդրահարույց ժամանակահատվածում առողջապահության համակարգի հետ էքսպերիմետներ անցկացնելու ժամանակը չէ»,- նկատեց նա։

Համավարակի պայմաններում արձակուրդ մեկնելն ընդունելի չէ նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի համար․

«Կարծում եմ, որ այս պայմաններում ընդհանրապես կառավարության որևէ անդամ չպետք է արձակուրդ գնա, առավել ևս առողջապահության նախարարը, որովհետև կորոնավիրուսի մարտահրավերները դեռևս չենք հաղթահարել։ Ճիշտ է, վերջին օրերին թվերը նվազել են, բայց մենք չենք կարող իմանալ, թե վաղը ի՞նչ կարող է լինել, մանավավանդ այն պայմաններում, երբ դրսից եկողներն ահազանգում են, որ իրենց ինքնամեկուսանալու ոչ մի հրահանգ չի տրվում։ Երբ իրենք իջնում են օդանավակայանում՝ այն մարդիկ, որոնք իրենց պիտի տեղեկացնեն, առանց խղճի խայթի, հեռախոսով խոսում են և չեն տեղեկացնում, թե ի՞նչ քայլեր պիտի անեն, ինչը ենթադրում է, որ առաջիկայում, ցավոք, կունենանք վարակվածության թվերի աճ»,- նշեց պատգամավորը։

Սրբուհի Գրիգորյանը ենթադրություններ չի անում, թե որքանո՞վ կարող են նախարարի արձակուրդ մեկնելը և մամուլում նրա հրաժարականի մասին լուրերը կապ ունենալ իրար հետ։

«Հենց լսեցի, որ նախարարը փակել է իր ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերը, մտածեցի, որ ամենայն հավանականությամբ արձակուրդ է գնում»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հավելում է, որ երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ձևավորվի և սկսի իր աշխատանքները՝ գուցե շատ բաներ պարզվեն, անգամ չի բացառում, որ խմբակցությունը պահանջի նախարարի հրաժարականը, բայց դրա մասին խոսելն այս փուլում վաղ է համարում։

«Մենք չենք կարող օդից ինչ-որ բաներ ասել, պետք է խորը ուսումնասիրություն կատարվի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսին, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին  նիստում։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ