Գլխավոր էջ Գլխավոր Պիտի նենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա․ Փաշինյան

Պիտի նենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա․ Փաշինյան

1552
0

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով  Կոտայքի մարզի Արամուս համայնքում էր։ Վարչապետը Արամուս էր եկել՝ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի աշխատանքներին ծանոթանալու: Սակայն նրան զարմացրեց այն հանգամանքը, որ  4000 բնակչություն ունեցող Արամուս գյուղում մանկապարտեզ չկա:
Վարչապետին մարզպետարանի ներկայացուցիչներից մեկն ասաց, թե մանկապարտեզի համար համայնքի ներդրած գումարը գոյացել է ապօրինի շինությունների, ռեստորանների օրինականացման արդյունքում բյուջե մուտք եղած միջոցներից: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլի կա՞ն օրինականացնելու այդպիսի օբյեկտներ։

Համայնքապետն էլ տեղեկացրեց, որ այլեւս չունեն այնպիսի հասարակական նշանակության օբյեկտներ, որոնք ապօրինի են: Մանկապարտեզի շինարարն ասաց, որ հոկտեմբերին շենքը պատրաստ կլինի և կսկսեն բակի բարեկարգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, շինարարությունն արժեցել է 433 միլիոն դրամ:

Սակայն, ինչպես համայնքապետը տեղեկացրեց, մանկապարտեզի գույքի հարցը լուծված չէ։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ այդ հարցով զբաղվել։

Արամուսում Փաշինյանը շփվել է նաև համագյուղացիների հետ։ Արամուսցիները վարչապետից խնդրել են սուբվենցիոն ծրագիր էգյուղի համար անել՝ կենտրոնական փողոցն ասֆալտապատել, որը վերջին անգամ 1965 թվականին է արվել՝ գյուղի դպրոցը կառուցելիս:

«Հարևան Նորգյուղ գնալն անհնար է»,-ասաց գյուղացիներից մեկը:

Բայց  Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մարզի պաշտոնյաները վստահեցրին, որ այդ ճանապարհի նորոգումը ևս նախատեսված է ու շուտով աշխատանքները կսկսվեն:

«Մանկապարտեզը կառուցվում է, գազիֆիկացումն արվում է, ճանապարհը կասֆալտապատվի, մնում է հողերը մշակենք, որ գործերներս լավ լինի: Պիտի նենց գյուղապետ ընտրեք, որ չգողանա, նենց կառավարություն ընտրեք, որ չգողանա, հանգիստ հարկերը վճարեք և ձեր վճարած փողով ձեր գյուղը զարգանա»,-հավելել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ