Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ամեն 5 վայրկյանը մեկ աշխարհում արձանագրվում է Շաքարային դիաբետի նոր դեպք

Ամեն 5 վայրկյանը մեկ աշխարհում արձանագրվում է Շաքարային դիաբետի նոր դեպք

1181
0

Շաքարային դիաբետը (ՇԴ) 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ աշխարհում արձանագրվում է նոր դեպք։ Մասնագետների հաշվարկներով 2030թ-ին ամբողջ աշխարում կգրանցվի 552 միլիոն շաքարային դիաբետով հիվանդ: Հարկ է նաև նշել, որ հիվանդությունից տարեկան մոտ 4.6 միլիոն մարդ է մահանում։ Խնդրի շուրջ MedMedia.am-ը զրուցել է Հայ-ամերիկյան ԱԿ-ի Էնդոկրինոլոգ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ Գրետա Մուրադյանի հետ:

«Նյութափոխանակության խանգարման հետևանքով առաջացող շաքարային դիաբետը բերում է ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի քանակի բացարձակ կամ հարզբերական անբավարարության, որը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների»,-ասաց բժշկուհին ու առանձնացրեց դրանք. «Շաքարային դիաբետը կարող է բերել կուրության, սրտի իշեմիկ հիվանդության, վերջույթների նյարդերի ախտահարման, երիկամների անոթների ախտահարման, գլխուղեղի ինսուլտի, գանգրենայի և այլն»։

Էնդոկրինոլոգի համոզմամբ՝ նշյալ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է՝ ճանաչել հիվանդության ամենահիմնական նշանները և դրանց առկայության դեպքում անմիջապես դիմել մասնագետին։ Ճիշտ կլինի տարին մեկ անգամ, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, որոշել գլյուկոզի մակարդակը արյան մեջ։

«ՇԴ ամենահիմանական ախտանիշներն են թուլությունը, ծարավի անսովոր զգացումը, հաճախակի միզարձակումը, քաշի արագ նվազում կամ ավելացումը, քրոնիկ հոգնածության զգացողությունը, վերջույթների թմրածությունը, տեսողության կտրուկ վատացումը, բերանի չորությունը»,-մանրամասնեց Գրետա Մուրադյանն ու հորդորեց նշված գանգատներից որևէ մեկի առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ