Գլխավոր էջ Գլխավոր Թոքի քաղցկեղով տառապողների շուրջ 80%-ը ծխողներ են. ուռուցքաբան

Թոքի քաղցկեղով տառապողների շուրջ 80%-ը ծխողներ են. ուռուցքաբան

842
0

Բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը, հիվանդների ժամանակին և կազմակերպված բուժումը, հիվանդների հսկողության, պալիատիվ թերապիայի վարումը։ Հարկ է նշել, որ թոքի չարորակ գոյացությունների տարածումը տղամարդկանց մոտ զբաղեցնում է առաջին տեղը և հանդիսանում է ամբողջ աշխարհում չարորակ նորագոյացություններից մահվան առավել հաճախակի պատճառ: Խնդրի շուրջ MedMedia.am-ը զրուցել է «Նաիրի» ԲԿ-ի Ուռուցքաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Լևոն Բադալյանի հետ: «Դրա հիմնական պատճառը հիվանդության ուշ փուլերում հայտնաբերումն է: Թոքի չարորակ ուռուցքներից մահանում են ավելի շատ, քան ստամոքսաղիաքային համակարգի և կրծքագեղձի չարորակ ուռուցքներից միասին վերցրած»,-մանրամասնեց ուռուցքաբանն ու հավելեց, որ աշխարհում նոր դեպքերի թիվը տարվա մեջ կազմում է 1,8 միլիոն, մահացու ելքերը՝ 1.6 միլիոն: Թոքի ուռուցքներով առավել բարձր հիվանդացություն դիտվում է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, առավել ցածր՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Բժշկի խոսքով՝ Հայաստանում թոքի չարորակ ուռուցքներով հիվանդացությունը աճում է: Խոսելով թոքի չարորակ ուռուցքների վաղ ախտանիշներից Լևոն Բադալյանն առանձնացրեց. «Հազ, որը ուժեղանում է և ձգվում է շաբաթներով, հազ՝ արյունախխումով կամ թարախային խորխարտադրությամբ, շնչարգելություն, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ»: Զրուցակիցս վստահեցրեց, որ թոքերի չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառը ծխելն է: «Այս պաթոլոգիայով տառապողների շուրջ 80%-ը ծխողներ են: Մարդկանց մոտ, որոնք օրական ծխում են 1-2 տուփ ծխախոտ, թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը բարձր է մոտ 50 անգամ, քան չծխողների մոտ: Վերջինիս խոսքով՝ չարորակ ուռուցքների մնացած 20% դեպքերը կապվում են այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են՝ օդի աղտոտվածությունը, վատ օդափոխվող բնակելի տարածքները, թոքերի խրոնիկ բորբոքային պրոցեսները, որոշ վնասակար նյութերի հետ շփումը, ժառանգական գործոնները և մի շարք այլ պատճառներ: Բժիշկը նաև վստահեցրեց, որ թոքի քաղցկեղի բուժման գրավականը վաղաժամ հայտնաբերումն է՝ մինչ հիվանդը կունենա ախտանշաններ, իսկ դրա միակ եղանակը՝ անխտիր բոլոր ծխող մարդկանց տարեկան գոնե մեկ անգամ թոքերի ՀՏ հետազոտությունն կատարելն է:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ