Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ-ում բնակվող հայերը լուրջ խնդիրների առաջ են․ դիմում են Փաշինյանին

ՌԴ-ում բնակվող հայերը լուրջ խնդիրների առաջ են․ դիմում են Փաշինյանին

827
0

Քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 6-ին կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում։ Պատճառն արդեն 5-րդ անգամ արտակարգ դրության երկարաձգումն է։

Medmedia.am-ի հետ զրույցում ՌԴ-ում արդեն տարիներ շարունակ բնակություն հաստատած անձինք նշեցին, թե ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիք։

« Մեզանից յուրաքանչյուրը ինչ-ինչ պատճառներով 5 ամիս առաջ եկել է Հայաստան ու արտակարգ դրության պատճառով չեն կարողացել ետ վերադառնալ։ Բայց էստեղ մենք չենք ունեցել ո՛չ տուն և ո՛չ էլ աշխատանք»,-նշեց 56-ամյա քաղաքացին, ով արդեն տասը տարուց ավելի ապրում է ՌԴ-ում և գրանցված աշխատող է այնտեղ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մեծամասնությունը ՌԴ-ում ունեն մշտական աշխատանք, բնակարան ու բարեկամներ։

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ դուստրը, ով ամուսնացած չէ, բոլորովին մենակ է մնացել Ռուսաստանում․

« Ես պետք է գնամ հասնեմ աղջկաս, նա մենակ է այնտեղ, ինչքա՞ն կարող է ապրել այդպես։ Մենք ոչ բողոք ունենք, ոչ էլ պահանջներ ենք ներկայացնում, միայն խնդրում ենք, որպեսզի պարոն Փաշինյանը աջակցի մեզ, բանակցի վրացական կողմի հետ ու մեզ թույլ տան Բագրատաշենի անցակետով հասնել ՌԴ»։

Զրուցակիցներից մեկն էլ հավելեց, որ հանդիպում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, ովքեր հավաստիացրին են, որ իրենց խնդրանքը հասցեատիրոջը կհասնի։

« Մենք խնդրում ենք Նիկոլ Փաշինյանին աջակցել մեզ դիվանագիտական դաշտում։ Մենք ցանկանում ենք Վրաստանի սահմանով անցնել և հասնել ՌԴ։ Այստեղ անելիքը հայկական կողմինն  է, քանի որ ՌԴ Վրաստանի հետ դիվանագիտական  կապ չունի, ուստի հայկական կողմը պետք է լինի բանակցողը»,-նշեց մեր զրուցակիցը։

Հավաքվածները հավաստիացրեցին, որ պատրաստ են բոլոր ծախսերը հոգալ, կովիդի թեստեր հանձնել, միայն թե աջակցեն ՌԴ հասնել։

« Մենք խնդրել ենք աջակցություն ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլև այն մարդկանց, ովքեր այլ երկրի քաղաքացի են, սակայն ցանկանում են ՌԴ հասնել։ Ես հույս ունեմ, որ Փաշինյանը մեր օգտին որոշում կկայացնի։ Բագրատաշենում այս պահին շատ մարդիկ են հավաքվել։ Արևի տակ են ու շատ դժվար պայմաններում»,-նշեցին հավաքվածները։

ՌԴ-ում բնակվող մի կին էլ պատմեց, որ իր մայրը մահացել էր և  մարտի 18-ին եկել է մասնակցելու արարողություններին ու այլևս չի կարողացել ետ վերադառնալ։

« Կվճարենք թե բենզինի և թե թեստավորումների գումարը, այսինքն պատրաստ ենք ճանապարհի հետ կապված բոլոր ծախսերը մեզ վրա վերցնել, միայն թե թույլ տան հասնել ՌԴ։ Պատրաստ ենք գնալուց հետո երկու շաբաթով մեկուսանալ անգամ»,-ասացին հավաքվածները։

Ի դեպ կառավարության մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել տարբեր մարդիկ, տարբեր խնդիրներով։ Սակայն ոստիկանական ուժերը « անհնազանդներին» բերման ենթարկեցին՝ այդպիսով ցրելով հավաքը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ