Գլխավոր էջ Գլխավոր COVID-19-ի 7 «երանգները» կամ Կորոնավիրուսի բարիքները

COVID-19-ի 7 «երանգները» կամ Կորոնավիրուսի բարիքները

2220
0

Ժողովուրդն ասում է. չկա չարիք առանց բարիք: Եվ իսկապես, ամիսներ շարունակ մոլորակը սարսափի մեջ պահող Կորոնավիրուսը ևս ունի բարիքներ, որոնց մասին MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Սուսաննա Մինասյանի հետ: «Առաջին հայացքից շատ դժվար է որևէ դրական հոգեբանական կողմ նշել` համայն մարդկության համար սպառնալիք դարձած COVID-19 համավարակի վերաբերյալ: Սակայն, այնուամենայիվ, ինչպես ցանկացած երևույթի դեպքում, այս անգամ ևս դրական կողմեր կան և դիտարկվում են ամբողջ աշխարհում»,-ասաց փորձագետն ու առանձնացրեց համավարակի յոթ դրական կողմերը:

1. Վտանգն ապակայունացնում է մարդկանց հոգեբանական անվտանգության զգացողությունը և միևնույն ժամանակ միավորում նրանց: Աշխարհի տարբեր երկրներում դիտարկելի են գթասրտության և փոխօգնության բազմաթիվ դեպքեր:

2. Դժվարին իրավիճակներում մարդիկ վերանայում են իրենց իրականությունը, արժեհամակարգը, ուշադրությունը սևեռում են առավել առանցքային հարցերին՝ անտեսելով առօրյան խաթարող մանրուքները: Դիցուք, եթե մինչ համավարակը մարդն անտեսում էր իր առողջական խնդիրները, COVID-19–ի ժամանակ հայտնի դարձավ, որ այն հատկապես վտանգավոր է ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար, և շատերը հետամուտ եղան իրենց առողջական խնդիրների լուծմանը:

3. Ինքնամեկուսացման պայմաններում իհարկե էականորեն սահմանափակվեց մարդկանց միջև ֆիզիկական շփումը, սակայն յուրաքանչյուրի համար նաև լավ հնարավորություն ստեղծվեց ներհայեցողության միջոցով առավել լավ հասկանալ սեփական անձին, շրջապատող մարդկանց հետ փոխհարաբերությունները:

4. Լարված կենսագործունեությամբ պայմանավորված՝ շատերը չէին կարողանում պատշաճ ժամանակ տրամադրել աշխարհաճանաչողությանը և ինքնազարգացմանը: Համավարակի հետ կապված ամիսների ընթացքում՝ ինտերնետ հարթակը լայն հնարավորություն (զգալի զեղչերով, նույնիսկ՝ անվճար) ընձեռեց ցանկացողներին՝ օնլայն մասնագիտական վերապատրաստումներ անցնելու, բազմակողմանիորեն հարստացնելու գիտելիքները, հաղորդակից դառնալու աշխարհի տարբեր ազգերի մշակութային, էթնիկ առանձնահատկություններին:

5. Ներընտանեկան միջավայրում, տևական ժամանակ գտնվելով ամենամտերիմ մարդկանց հետ, շատերի մոտ դրսևորվեցին` զայրույթ միմյանց նկատմամբ, հանդիմանություն, տհաճություն շփումից, ինչը հոգեբանական տեսանկյունից վկայում է «հիվանդ» հարաբերությունների մասին, որոնց «անհապաղ բուժումը» թույլ է տալիս ոչ միայն փրկել դրանք, այլև նոր շունչ հաղորդել դրանց:

6. Ժամանակն անվիճելիորեն ամենաթանկ ռեսուրսն է, որի պակասն ունենք բոլորս: Ինքնամեկուսացման պայմաններում մարդիկ կարողացան նաև հանգստանալ ֆիզիկապես, համալրել քունը, ինչն առողջության կարևորագույն նախադրյալներից է:

7. Ամփոփելով վերոնշյալը՝ կցանկանայինք նշել, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում ի հայտ են գալիս մարդկային ներուժի նոր հնարավորություններ, նպատակներ, քանի որ վտանգը խթանիչ գործոն է՝ ինքնապահպանման բնազդի ուժեղացման և հետևաբար՝ նոր մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությամբ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ