Գլխավոր էջ Գլխավոր Առաջին օգնությունը քթային արյունահոսության դեպքում

Առաջին օգնությունը քթային արյունահոսության դեպքում

2933
0

Երբեմն, նույնիսկ բժշկությունից շատ հեռու կանգնած մարդը ստիպված է կողքինին առաջին օգնություն ցուցաբերել և շատ գովելի, որ նման դեպքերում անհատը գիտի քայլերի գրագետ հաջորդականությունը: MedMedia.am-ը կարևորելով իր ընթերցողների առողջությունը փորձում է հրապարակումներով օգտակար լինել և կրթել առողջ կենսակերպ:
Թե ինչպես վարվել քթային արյունահոսության դեպքում, պարզաբանում է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի Գլխի և պարանոցի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանը: «Անհրաժեշտ է տուժածին նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ»,-ասաց ԼՕՌ մասնագետը և ավելացրեց, որ այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը: Ըստ Արայիկ Ղարիբյանի, առավել ազդեցիկ մեթոդ է քթի խոռոչի տամպոնավորումը պարզապես սառը ջրով կամ ձիթայուղով թրջված բինտով: «Արյունահոսող քթի խոռոչ է մտցվում վիրախծուծը և այն սեղմվում մատներով: Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե»,-մանրամասնեց ժիշկն ու շարունակեց. «Պետք է համոզվել, որ արյունահոսությունը չի շարունակվում դեպի քիթ-կոկորդային հատված. դրա համար պետք է զննել հիվանդի բերանի խոռոչը կամ խնդրել հիվանդին մի քանի անգամ թքել՝ համոզվելու համար, որ թուքը չունի արյան գույն»:
Օտորինոլարինգոլոգը նաև հորդորեց տուժածին չպառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող է փսխում առաջացնել: «Եթե անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն»,-եզրափակեց Արայիկ Ղարիբյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ