Գլխավոր էջ Uncategorized Լռության մատնված փշոտ խնդիր. տղամարդկանց բռնություն

Լռության մատնված փշոտ խնդիր. տղամարդկանց բռնություն

1851
0

Հասարակության մեջ արմատավորված սոցիալական և սեռային կարծրատիպերի համաձայն, տղան, տղամարդը, պետք է ձևավորվի և հասունանա որպես «զույգ», «տղամարդ» և «պատահածը ընդունի որպես տղամարդ»։ Հետևաբար կարելի է պնդել որ տղամարդկանց թուլությունը կարծեցյալ ուժի մեջ է։ Բռնության ենթարկված տղամարդիկ դժկամությամբ են ընդունում այն փաստը, որ պատահածը բռնություն է։ Նրանցից շատերը հակված են դա ներկայացնել որպես մի բան որ «ընդամենը պատահել է»։
Հետազոտության տվյալների համաձայն՝ արական սեռի զոհերի 29%-ը հակված է տեղի ունեցած բռնության մասին չբարձրաձայնել: Այս թիվը ավելի քան 2 անգամ գերազանցում է իգական սեռի զոհերի թվին (12%), ովքեր չեն հայտնում իրենց զուգընկերոջ կողմից թույլ տրված բռնության փաստը։ Ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց ընդամենը 10%-ն է դիմում ոստիկանություն։
Տղամարդկանց բռնությունների մասին MedMedia.am-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ. գ. թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ: «Տարիների ընթացքում տղամարդկանց բռնությանը վերաբերող խնդիրների մասին խոսակցությունները ձևափոխվել են՝ տեղափոխվելով կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը դադարեցնելու դաշտ»,-նկատեց բժիշկն ու հավելեց. «Մտահոգությունները կիսում են նաև այն անձինք, ովքեր զբաղվում են ընտանեկան բռնության զոհ դարձած տղամարդկանց հարցերով և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե այս համատեքստում տղամարդ զոհերի հարցը շրջանցվում է»։
Սեքսոպաթոլոգի խոսքով, իր պրակտիկայում հաճախ են դիմում տղաներ և տղամարդիկ, ովքեր սեռական բռնության են ենթարկվել բանակում
Ինչպես կանանց նկատմամբ սեռական բռնությունը, տղամարդկանց նկատմամբ էլ այն կարող է տարբեր ձևեր ընդունել և տեղի ունենալ ցանկացած հարաբերություններում, այդ թվում՝ տանը կամ աշխատավայրում, բանտում, բանակում, ինչպես նաև պատերազմի ժամանակ։ «Հաճախ են մեզ դիմում նման դեպքերով տղաներ ու տղամարդիկ, ավելին՝ բռնության ենթարկվում են նաև տանը, օրինակ՝ ավագ եղբոր կամ հարազատի կողմից: Այս պարագում պահանջվում է բավական դժվար, նուրբ և երկարատև աշխատանք: Բռնության զոհ դարձածները նույնիսկ ինքնասպանության դիմելու մտքեր ու փորձեր են նկարագրում»:
Տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության պրակտիկան, ըստ զրուցակցիս, չի սահմանափակվում աշխարհի որևէ աշխարհագրական կամ հանցագործության վայրով և տեղի է ունենում անկախ զոհի տարիքից։
«Տղամարդկանց դեմ ուղղված սեռական բռնության տարբեր ձևերը ներառում են բռնաբարություն, հարկադիր ձեռնաշարժություն և սեռական բռնություն»,-ասաց Վրեժ Շահրամանյանն ու շեշտեց, որ տղամարդկանց նկատմամբ սեռական բռնությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան հաճախ կարծում են։ Սակայն նման հանցագործությունների մասշտաբները փաստերի, զեկույցների քիչ լինելու պատյառով, ինչպես սեքսոպաթոլոգը շեշտեց, մնում են անհայտ։ «Տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության մասին տեղեկատվությունը թերագնահատելու կամ չներկայացնելու հաճախ պատճառներից են վախը, շփոթությունը, մեղքի զգացումը, ամոթը, պիտակավորումը կամ թվարկվածի համակցությունը։ Տղամարդիկ կարող են դժկամությամբ խոսել այն մասին, որ նրանք սեռական բռնության զոհ են դարձել»,-ասաց մասնագետը և շարունակեց. «Այն դեպքերում, երբ տղամարդկանց նկատմամբ սեռական բռնությունը բարձրաձայնվում և հաղորդվում է, այն հաճախ դասակարգվում է որպես «ճնշում» կամ «խոշտանգում»։ Դա տղամարդկանց դեմ սեռական բռնությունը թաքցնելու միտում է, ինչը հանգեցնում է փաստաթղթային տվյալների և ապացույցների բացակայությանը»։ Ինչպես նաև, առաջանում է կարծիք, որ սեռական բռնությունը խնդիր է միայն կանանց համար, և տղամարդիկ չեն կարող սեռական բռնության զոհեր լինել։
Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ բազմաթիվ հետազոտություններ պնդում են, որ տղամարդ-տղամարդ, կին-կին բանտային բռնաբարությունները բավական տարածված և ամենաքիչ հաղոդված բռնաբարության տեսակներից է։ Բացի դա, հարկ է նշել, որ մեծ թվով բռնաբարություններ կատարվում են սեռական հարաբերությունների համաձայնության տարիքից փոքր անձանց հանդեպ։
Ի դեպ, որոշ հետազոտություններ պնդում են, որ տղամարդկանց կողմից տղամարդկանց բանտային բռնաբարությունը, ինչպես նաև կանանց կողմից կանանց բռնաբարությունը, բռնաբարության տարածված ձև են, որը շատ հաճախ չի հրապարակվում։ Տղամարդկանց բռնաբարությունը պատերազմի ընթացքում օգտագործվել է որպես ահաբեկության ձև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ