Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է լիմֆոստազը. ինչպե՞ս կանխարգելել այն

Ի՞նչ է լիմֆոստազը. ինչպե՞ս կանխարգելել այն

3517
0

Լիմֆոստազն ավշի և հյուսվածքային հեղուկի քրոնիկական կամ ժամանակավոր կանգն է ենթամաշկային ճարպաբջջանքում և մաշկում:.

Լիմֆոստազի նշաններն են.

  • Ենթամաշկային ճարպաբջջանքի և մաշկի ավելի քան մեկ ամիս պահպանվող կայուն այտուց:
  • Առավոտյան այտուցը նվազում է, սակայն օրվա ընթացքում նորից ավելանում է:
  • Ձեռքի առանձին հատվածներին այտուցն ունի «բարձիկների» տեսք, այսինքն մատները կարող են չայտուցվել:
  • Այտուցի վրա սեղմելիս փոսիկներ են առաջանում:
  • Հաճախ մաշկի բորբոքում է առաջանում:

Լիմֆոստազի փուլերը

Առաջին փուլ
Վերջույթի ծավալը մեծանում է , մաշկն այտուցվում  է. ակոսները հարթվում են: Հորիզոնական դիրքում այտուցը տեսանելի նվազում է , հանգստի ժամանակ, ինչպես նաև լողից հետո այն կարող է ժամանակավորապես անհետանալ:

Երկրորդ փուլ
Մաշկը կոպտանում  է, այտուցը՝ կարծրանում: Հյուսվածքի վրա սեղմելիս խոր փոսիկ է առաջանում:  Խիստ ձգված մաշկի պատճառով կարող է ցավ առաջանալ: Մարմնի քաշն ավելանում է: Այտուցը չի նվազում նույնիսկ գիշերային քնից հետո:

Երրորդ փուլ
Սկսվում է «փղախտը». փոփոխված հյուսվածքների հետևանքով կորչում է վերջույթի ուրվագիծը: Թերշարժունության և վերջույթի մեծացման հետևանքով  քաշն ավելանում է: Առաջանում է հոդերի կարկամություն: Ենթամաշկային ճարպաբջջանքում ավիշ է կուտակվում (լիմֆոցելե), առաջանում են անճոռնի ձևախախտումներ և կոպիտ ֆիբրոզ: Հաճախ տրոֆիկ խոցեր, սնկային և վարակային բարդություններ են առաջանում:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո վերին վերջույթի լիմֆոստազի զարգացման ռիսկի գործոններն են.

  • վարակ, հետվիրահատական վնասվածք, սերոմա, հեմատոմա,
  • ուռուցքի տեղակայումը կրծքի վերին-դրսային քառակուսում,
  • անութային լիմֆոդիսեկցիայից հետո ավշի արտահոսքի շրջանում ճառագայթային բուժման  իրականացում,
  • ըստ լիմֆոդիսեկցիայի արդյունքների մեծ քանակությամբ ախտահարված ավշային հանգույցների առկայություն,
  • դիսեկցիայի 3-րդ մակարդակի ընդլայնում (անութային լիմֆոդիսեկցիայի ծավալը),
  • անութային շրջանում հիվանդության կրկնություն:

Լիմֆոստազի զարգացման ռիսկը բարձր է, եթե.

  • լիմֆոդիսեկցիայի կողմում նախկինում կատարվել է վերին վերջույթի վիրահատություն,
  • Դուք հիվանդ եք շաքարային դիաբետով,
  • Դուք ծխում եք,
  • անութային շրջանում իրականացվել է 3-րդ մակարդակի ավշային հանգույցների լիմֆոդիսեկցիա (փոքր կրծքամկանի տակից և հետևով, փոքր կրծքամկանի առջևով),
  • ավշի հոսքի շրջանում վիրահատությունից հետո իրականացվել է ճառագայթային բուժում,
  • քիմիաբուժության իրականացում,
  • պրոցեսի մեջ ընդգրկվել են մեծ քանակությամբ ավշային հանգույցներ,
  • Դուք ճարպակալմամբ եք տառապում կամ ավելորդ քաշ ունեք,
  • Ձեզ մաստէկտոմիա է իրականացվել:

Պահակային ավշային հանգույցի բիոպսիայի իրականացումը անութային լիմֆոդիսեկցիայի համեմատ հավաստիորեն նվազեցնում է լիմֆոստազի առաջացման ռիսկը, սակայն այն պահպանվում է: Հետազոտությունները վկայում են, որ լիմֆոստազի առաջացման հաճախականությունը կազմում է 3.7%-ից մինչև13%:

Վերջույթի լիմֆոստազի կանխարգելման նպատակով լիմֆոդիսեկցիայի կողմում պետք է չիրականացվեն.

  • արյան քննության նպատակով նմուշի վերցնում,
  • զարկերակային ճնշման չափում,
  • ներարկումներ,
  • ռենտգենաբանական հետազոտություն լիմֆոդիսեկցիայի կողմում ներերակային կոնտրաստի ներարկումով,
  • արգելվում են ասեղնաբուժության սեանսները,
  • արգելվում է կոսմետիկ նպատակով լիպոսակցիայի իրականացում,
  • չի կարելի կատարել ծանր, վնասվածքային կամ կրկնվող վարժություններ,
  • չի կարելի ծանրություններ բարձրացնել,
  • արգելվում է դաջվածքներ կատարել:

Լիմֆոստազի կանխարգելման  նպատակով խորհուրդ է տրվում.

  • մաշկային  ծածկույթների մաքրության ապահովում,
  • մաշկի խոնավեցման միջոցների կիրառում,
  • քնի և երկարատաև ուղևորությունների ժամանակ ձեռքը պահել բարձր դիրքում,
  • օգտագործել լվացքի հիպոալերգեն միջոցներ,
  • մազերի հեռացման նպատակով կիրառել անուղղակի շեղբերով էլեկտրական սափրիչներ,
  • սպիտակեղենի լվացման համար կիրառել ոչ կոշտ միջոցներ,
  • տանն ապահովել կայուն ջերմաստիճան,
  • հավասարակշռված սնուցում,
  • վարակային պրոցեսների զարգացման դեպքում բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով,
  • վարժությունների կատարում. քայլել, լող և ռեաբիլիտոլոգի կողմից նշանակված վարժություններ,
  • ճնշման նպատակով նշանակված միջոցների պարտադիր կրում (էլաստիկ թևկապներ, բանդաժներ),
  • խուսափել քերծվածքներից, այրվածքներից, միջատների խայթոցից,
  • խուսափել արևային այրվածքներից կամ գերճառագայթումից, կիրառել համապատասխան պաշտպանիչ միջոցներ,
  • կրել ազատ, չճնշող հագուստ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ