Գլխավոր էջ Նորություններ Հայկ Մարությանի ու Արսեն Թորոսյանի ջրերը մի առվով չե՞ն հոսում

Հայկ Մարությանի ու Արսեն Թորոսյանի ջրերը մի առվով չե՞ն հոսում

1494
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի ջրերը, պարզվում է, մի առվով չեն հոսում։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարն ու քաղաքապետը նույնիսկ միմյանց հետ չեն խոսում։

Բանն այն է, որ առողջապահության նախարարն առաջարկել է շտապօգնության 1-03 հեռախոսահամարը դարձնել համապետական, այսինքն՝ որ մարզերից ևս կարողանան այդ հեռախոսահամարով կանչեր անել։ Ինչպես հայտնի է, հեռախոսահամարը գործում է միայն Երևանում, իսկ «Շտապօգնություն» ՓԲԸ-ն գործում է քաղաքապետարանի ենթակայության ներքո։
Մեզ ասացին, որ քննարկումների արդյունքում քաղաքապետ Մարությանը մերժել է Թորոսյանի այս առաջարկը, ինչն էլ պատճառ է դարձել, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց հետ չշփվեն։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, թե ինչու է Մարությանը որոշել մերժել նախարարի առաջարկը։ Իրականում որոշումը կայացրել է ոչ թե Մարությանը, այլ վերջինիս կինը՝ Իվան, ասելով, որ աշխարհի շատ երկրներում մարզերը ունեն շտապօգնության իրենց հեռախոսահամարները, դրանք համայնքային ենթակայության են։

Թեմայի առնչությամբ մենք գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հարցրել էինք, թե քննարկում եղե՞լ է քաղաքապետարանի և առողջապահության նախարարության միջև՝ շտապօգնության 1-03 հեռախոսահամարը ՀՀ ողջ տարածքի համար հասանելի և միասնական դարձնելու վերաբերյալ։

Քաղաքապետարանից հաստատեցին, որ նման քննարկում առոջապահության նախարարության հետ եղել է․ «103 հեռախոսահամարը հասանելի է ՀՀ ողջ տարածքի համար, սակայն խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բջջային օպերատորներինն է, որոնք տեխնիկական հնարավորություն չունեն աշխարհագրորեն որոշել զանգահարողի կոորդինատները և զանգը ուղղորդել համապատասխան մարզի շտապ օգնության կայան: Այդ պատճառով մարզերից բջջային հեռախոսներով 1-03 կարճ համարին զանգահարելու դեպքում կապը հաստատվում է Երևանի 1-03 ծառայության հետ: Խնդրի հետ կապված քննարկումներ եղել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության միջև»։

Իսկ հարցերին, թե կոնկրետ ի՞նչ է առաջարկել առողջապահության նախարարությունը և կոնկրետ ի՞նչ է պատասխանել քաղաքապետարանը, ստացել ենք հետևյալ պատասխանները․ «ՀՀ առողջապահության նախարարի 27.09.2019թ. N 2730-Լ հրամանով Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին փորձարարական ծրագրի շրջանակներում վերապահվել է ՀՀ թվով չորս մարզերի 5 համայնքներից` Արտաշատ, Վաղարշապատ, Մասիս, Աշտարակ, Աբովյան, ստացված կանչերը ընդունել, գրանցել և էլեկտրոնային եղանակով փոխանցել տվյալ համայնքների շտապ օգնության կայաններ:Երևանի քաղաքապետարանը չի առարկել փորձարարական ծրագրի իրականացմանը»,- պատասխանել են քաղաքապետարանից։

Փաստորեն, փորձարարական ծրագրի իրականացմանը քաղաքապետարանը չի առարկել, իսկ բուն ծրագրի իրականացումը մերժել է, ինչը եւս հաստատում է մեր վերը նշված տեղեկատվությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ