Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

Հայաստանում բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

410
0

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին այսօր՝ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումների հարցում կարևոր է եղել դիմակների պարտադիր կրումը փակ և բաց տարածքներում:

«Այսօրվա ճեպազրույցի նպատակն է նաև ահազանգելը, որ այս թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ: Ի հեճուկս լավ լուրերի՝ հակահամաճարակային կանոնները կպահպանվեն»,- հավելեց վարչապետը:

Նա կոչ արեց քաղաքացիներին շարունակել ավելի մեծ զգոնությամբ պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Որովհետև մենք ստացել ենք շանս՝ հաղթահարելու այս ճգնաժամը: Ե՛վ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինները շարունակելու են ուժեղ վերահսկողություն իրականացնել: Եվ ես տեղյակ եմ, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների որոշակի թուլացումներ, ուզում եմ ասել՝ որևէ մեկը կառավարությունից ավելի շահագրգիռ չէ այդ հարցում, և մենք բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- ասաց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ