Գլխավոր էջ Գլխավոր Երևանի զբոսայգիները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն

Երևանի զբոսայգիները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն

377
0

Կորոնավիրուսի համավարակը լուրջ վնասներ է հասցրել տնտեսությանը։ Հատկապես մանր ու միջին բիզնեսը հոգեվարքի մեջ է։ Medmedia.am-ը կապ հաստատեց «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ («ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) նախագահ Թորոս Ումրիկյանի հետ, ով փաստեց,որ համավարակը լուրջ վնասներ է հասցրել նաև ժամանցի կենտրոններին։

«Առանց այդ էլ մենք աշխատում ենք հինգ ամիս, զբոսայգին բացվում է ապրիլի 15-ին և փակվում սեպտեմբերի 15-ին։ Մարտից մեզ կանգնեցրին արգելքների առջև, մենք ֆինանսապես բավականաչափ տուժել ենք»,-նշեց զբոսայգու նախագահը և հավելեց, որ եթե քաղաքի տարբեր անկյուններում գործում են սրճարաններ, ապա ինչու՞ իրենք չեն կարող աշխատել։ «Քաղաքում գործում են տարբեր սրճարաններ, մարդիկ առանց դիմակների կարողանում են նստել ու սրճել, կան այգիներ, որտեղ հեծանիվներ ու մանկական մեքենաներ են վարձով տրվում, երեխաները ակտիվորեն օգտվում են դրանցից։ Պատճառաբանում են, որ երկաթի վրա վիրուսը երկար է մնում,փաստորեն երթուղայինները կամ վարձով տրվող հեծանիվները երկաթից չեն»,-նշեց Ումրիկյանը։ Զբոսայգու նախագահը փաստեց, որ իրենք բազմիցս նամակով դիմել են պարետատուն և խնդրել հարցին լուծում տալ, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան։

«Մենք պետական ոչ մի աջակցություն չենք ստացել, միայն մեկ անգամ ընկերության հաշվին է փոխանցվել․40․500 դրամ, բայց դա ինչ օգուտ կարող է տալ, եթե իմ 130 աշխատող մնացել է առանց աշխատանքի։ Ամեն օր երեխաներ են գալիս զբոսայգի, լաց են լինում, ծնողները խնդրում են, որպեսզի թույլ տանք ատրակցիոն նստեն, սակայն եթե թույլ տամ, ինչ որ մեկը հնարավոր է նկարի ու համացանցում տարածի»։

Զբոսայգու ղեկավարի հավաստմամբ պետականորեն իրենք կարող էին աջակցություն ստանալ, զբոսայգին պետք է ախտահանվեր ու իրենք շարունակեին իրենց աշխատանքը․

«Թող հավասար պայմաններ ստեղծվեն տնտեսվարողների համար, եթե ամսի 13-ից հետո մեզ թույլ տան աշխատել, ես հավանաբար չեմ աշխատի, որովհետև միայն տեխզննման համար մոտ 1․5 մլն գումար է հարկավոր, իսկ ես ընդամենը պետք է աշխատեմ երկու շաբաթ, ավելի լավ է չաշխատեմ»,-նշեց նա։

Իսկ ահա «ԼՈՒՆԱ-ՊԱՐԿ» զբոսայգու տնօրեն Սարգիս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆինանսական խնդիրներ առկա են, սակայն այս իրավիճակում նա ճիշտ է համարում այս որոշումը․

«Ատրակցիոնների վերաբերյալ որոշումը կայացվել է պարետատան սահմանված նորմերով։ Համավարակի այս շրջանում կարուսելները չեն աշխատում, ես մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ երկաթի վրա վիրուսը երկար է պահպանվում և դրանց շահագործումը կարող է վարակի տարածման առիթ հանդիսանալ։ Որքան էլ ֆինանսական խնդիրների առաջ ենք կանգնած, ես ճիշտ եմ համարում այս որոշումը։ Ամեն դեպքում սպասում ենք մինչև ամսի 13, տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի պարետը»,-սահմանափակեց զբոսայգու տնօրենը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաետն արդեն չորրորդ անգամ երկարացրեց արտակարգ դրությունը, վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է , որից հետո պարզ կդառնա, կաշխատե՞ն բոլորը, թե կրկին խտրական մոտեցում կցուցաբերվի տնտեսվարողների հանդեպ։

Սյուզի Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ