Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսից մահացության առաջին տեղում սիրտ անոթային խնդիրներով մարդիկ են․ թերապևտ

Կորոնավիրուսից մահացության առաջին տեղում սիրտ անոթային խնդիրներով մարդիկ են․ թերապևտ

1390
0

Կորոնավիրուսի համավարակը ախտահարում է բոլորին, անկախ սեռից, տարիքից ու սոցիալական դիրքից։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կան խոցելի խմբեր, որոնց պարագայում այս համավարակն էլ ավելի վտանգավոր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս մի քանի ամիս առաջ առանձնացրել էր հիվանդության ծանր զարգացման ռիսկային խմբեր.

1․ հղիներ.

2․ 70 և բարձր տարիքային խմբի անձինք (անկախ առողջական վիճակից).

3․ 70-ից ցածր տարիքային խմբի անձինք, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին

4․ Քրոնիկ (երկարաժամկետ) շնչառական հիվանդություններ ունեցողներ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ)

5․ Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ (սրտի անբավարարություն)

6․ Երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցողներ

7․ Լյարդի քրոնիկ հիվանդություն ունեցողներ (հեպատիտ)

8․ Քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ (Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ (MS), ուղեղային կաթված)

9․ Շաքարային դիաբետիկներ:

Ռիսկային խմբում գտնվող մարդիկ ավելի խոցելի են հիվանդության նկատմամբ, նրանց համար այս համավարակը կարող է անգամ մահ արժենալ։

Medmedia.am –ի հետ զրույցում Միքայելյան հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, թերապևտ Զինաիդա Ջնդոյանի գնահատականներով՝ կորոնավիրուսի համավարակը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր հիվանդների համար։ « Թոքերի խրոնիկ հիվանդություններ, սիրտ անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցքներ, ահա այն հիվանդությունների ցանկը, որոնք ծանրացնում են հիվանդության ընթացքը։ Համաշխարհային ստատիստիկան վկայում է այն մասին, որ այդ հիվանդները շատ ավելի ծանր ընթացք են ունենում, ծխելը և ճարպակալումը ևս կարող է նպաստել ծանր ընթացքին»,-նշեց մասնագետը։  Թերապևտի գնահատականներով, համաձայն սույն թվականի հուլիսի 25-ին կայացած « Կորոնավիրուսային համավարակ-քաղած դասեր» առցանց գիտաժողովի տվյալների,  ամենաբարձր մահացությունը  COVID-19-ի դեպքում դիտվում է ուղեկցող սիրտ անոթային հիվանդությունների առկայությամբ:

« Երկրորդ տեղում՝ շաքարային դիաբետով հիվանդների մահացության ցուցանիշն է, երրորդ տեղում՝  թոքերի խրոնիկ հիվանդությունները, այնուհետև՝ զարկերակային գերճնշումով հիվանդներն են։ Չորրորդ տեղում օնկո հիվանդություններն են, կորոնավիրուսից մահերի հաշվով կազմում են 7 տոկոս»,-հավելեց մեր զրուցակիցը։

Ջնդոյանի հավաստմամբ՝ տարիքը ևս համարվում է ռիսկի գործոն, ավելի ծանր է ընթանում խորնիկ հիվանդությունների դեպքում։

«Ունենք դեպքեր, երբ ասում են այսինչ վարակված մարդը ոչ մի խրոնիկ հիվանդություն չուներ, բայց ես համոզղված եմ, որ որևէ ուղեկցող   հիվանդություն եղել է, սակայն պացիենտը դրա մասին տեղեկացված չի եղել։ Բոլոր խրոնիկ հիվանդությունները նպաստում են համավարակի ծանր ընթացքին»։

Մասնագետը անդրադարձավ նաև կրկնակի վարակման դեպքերին, նշելով, թե նման դեպքեր իրեն դեռ հայտնի չեն․ «Վերջին տվյալներով, COVID-19-ի թեթեև ընթացքի դեպքում հիվանդների արյան մեջ հայտնաբերվող իմունոգլոբուլինները շուտ են քայքայվում և կրկնավարակի հավանականությունը մեծ է: Սակայն դրանք պարզապես հոդվածներ են, որոնք գրվել են ինչ – ինչ հետազոտությունների հիման վրա, իսկ այդ հետազոտությունները քիչ թվով հիվանդների շրջանում է կատարվում։ Ամեն դեպքում այս հիվանդությունը աշխարհի մասշտաբով նորություն է և անընդհատ ուսումնասիրման փուլում է»,-սահմանափակեց բժիշկը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ