Գլխավոր էջ Նորություններ Վիժում. պատճառներն ու ռիսկի գործոնները

Վիժում. պատճառներն ու ռիսկի գործոնները

3537
0

Վիժումը մինչև 20 շաբաթական հղիության ինքնաբուխ (ոչ արհեստական) ընդհատումն է:

Վիժումը սովորաբար տեղի է ունենում ձեր հսկողությունից դուրս գտնվող գործոնների պատճառով և, որպես կանոն, չի կարող կանխարգելվել:

Վիժումը չպետք է շփոթել հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի հետ: Տարբերությունն ավելի հստակեցնելու համար որոշ բժիշկներ ավելի հաճախ օգտվում են «ինքնաբուխ վիժում», «ինքնաբեր վիժում» («սպոնտան վիժում») անվանումներից: Վիժումը նաև տարբերվում է մեռելածնությունից, որը տեղի է ունենում 20 շաբաթականից բարձր հղիության ժամանակ:

Վիժում ապրած կանանց մեծ մասը սովորաբար իր հաջորդ հղիության նկատմամբ ավելի ուշադիր է լինում:

Պատճառներ

Վիժումը գլխավորապես զարգանում է ձեր կամքից անկախ և ոչ ձեր մեղքով: Որևէ փաստ չկա այն մասին, որ հղի կնոջ կողմից ֆիզիկական վարժանքներ կատարելը, սթրեսի ենթարկվելը, քայլքը կամ սեռական հարաբերություն ունենալը կարող են վիժումով ավարտվել: Բազմաթիվ ծնողներ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե կոնկրետ ի՞նչն է եղել հղի կնոջ մոտ վիժման պատճառը:

Իրականում, վիժումը պայմանավորված է քրոմոսոմային շեղումներով, ինչն արգելակում է պտղի զարգացումը: Ըստ որում, քրոմոսոմային այս շեղումները չեն ժառանգվում:

Հազվադեպ վիժումը կարող է ունենալ հետևյալ պատճառները՝

  • հորմոնալ շեղումներ
  • իմունային համակարգի խանգարումներ
  • արյան մակարդելիության խանգարումներ
  • որոշ հիվանդություններ (օրինակ՝ վահանաձև գեղձի հիվանդություններ կամ դիաբետ)
  • մարմնի բարձր ջերմությամբ (տենդ) ուղեկցվող վարակիչ հիվանդություններ
  • արգանդի կամ արգանդի պարանոցի անատոմիական խնդիրներ:

Ռիսկի գործոններ

Վիժելու հավանականությունը մեծանում է հետևյալ դեպքերում՝

  • կնոջ մեծ տարիք
  • ծխախոտի օգտագործում
  • ալկոհոլային խմիչքների օգտագործում, հատկապես հղիության առաջին եռամսյակում
  • կոֆեինի մեծ քանակների օգտագործում (սուրճ և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ)
  • նախկինում վիժումների առկայություն:

Վիժման տեսակները

Ըստ ընթացքի, տարբերում են վիժումների մի քանի տեսակներ, որոնք են՝

  • սպառնացող վիժում՝ երբ առկա է հեշտոցային արյունահոսություն և կծկողական ցավեր, սակայն արգանդի վզիկը դեռ փակ է
  • անխուսափելի («ընթացքի մեջ») վիժում՝ երբ վերոնշյալին ավելանում են արգանդի վզիկի լայնացումը և/կամ պտղապարկի պատռվածքը
  • ամբողջական վիժում, երբ պտուղը լրիվ վիժվում է
  • չկայացած վիժում՝ երբ մահացած պտուղը մնում է արգանդում և չի վիժվում
  • կրկնվող վիժում՝ երբ մեկ հղիության սահմաններում կինը 3 կամ ավելի անգամ վիժում է:

Վիժման նշանները

Վիժումը հաճախ ուղեկցվում է հետևյալ նշաններով՝

  • որովայնի շրջանի կծկանքային (սպաստիկ) ցավեր, որոնք նմանվում են դաշտանային ցավերին (սակայն կարող են լինել ավելի ուժեղ)
  • գոտկամասում տեղակայված ձգող ցավեր
  • հեշտոցային արյունահոսություն:

Վիժման կանխագելումը

Ցավոք, վիժումը հստակ կանխարգելող որևէ միջոց գոյություն չունի:

Այնուամենայնիվ, արժե խորհել վիժման հավանականությունը բարձացնող ռիսկի գործոնները վերացնելու կամ նվազեցնելու մասին (ձերբազատվել ծխախոտից, հղիության ընթացքում զերծ մնալ ալկոհոլային խմիչքներից, կոֆեին պարունակող սննդատեսակներից և այլն):

Ապագա հղիությունները

Վիժում ունեցած կանանց մեծ մասը հետագայում հաջող հղիություն են անցկացնում: Այնուամենայնիվ, նախկինում վիժում ունենալը բարձրացնում է ապագա վիժումների հավանականությունը (ռիսկը դառնում է 20% կամ հինգից մեկը):

Եթե նախկինում ունեցել եք երեք և ավելի մեծ թվով վիժումներ, ձեր բժիշկը հավանաբար կնշանակի գենետիկ որոշ հետազոտություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ