Գլխավոր էջ Գլխավոր ՄԻԱՎ—ՁԻԱՀ վարակակիրներն ու կորոնավիրուսի հետևանքները

ՄԻԱՎ—ՁԻԱՀ վարակակիրներն ու կորոնավիրուսի հետևանքները

597
0

Կորոնավիրուսի համավարակը «չի հարցնում» տարիք ու սեռ, խոցելի խմբում կարող են հայտնվել բոլորը։ Չնայած, որ կան հիվանդություններ, որոնք ռիսկային գոտում են, օրինակ օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, ինչպես նաև ՄԻԱՎ—ՁԻԱՀ վարակակիրները։

ՁԻԱՀԻ կանխարգելման Հանրապետական կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանը Medmedia.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՄԻԱՎ վարակակիրներն իրենց մոտ ստացիոնար բուժում չեն ստանում, ուստի կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին քիչ տեղեկություններ կան։

«Տեղյակ ենք, որ մի քանի հոգի թեստավորվել են մեր կենտրոնում և պատասխանը դրական է եկել։ Եղել են կորոնավիրուսի հաստատման դեպքեր նաև այլ բուժհաստատություններում թեստավորվելուց հետո»։

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Medmedia.am-ի հետ զրույցում  նշեց, որ ՄԻԱՎ-ը երկարատև հիվանդություն է, իսկ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կախված է այդ պահին պացիենտի վիճակից։

«Մարդը, ով երկար ժամանակ բուժում է ստանում  ՄԻԱՎ-ի դեմ, նրա իմունային համակարգը նորմալ վիճակում է գտնվում։ Ասեմ՝ կան որոշ տվյալներ, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ, ովքեր երկարատև բուժում են ստանում, նրանց օրգանիզմը պաշտպանված է վիրուսների նկատմամբ։ Այդուհանդերձ  կորոնավիրուսը նոր հիվանդություն է և երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Կան մարդիկ, որոնց իմունային համակարգը ընկճված է և  ՄԻԱՎ-ի դեմ բուժում չեն ստացել ու միանշանակ  նրանք ռիսկային խմբում են »։

Խոսելով կորոնավիրուսով կրկնավարակման դեպքերից մասնագետը նշեց, որ իմունային համակարգը մեկ անգամ հանդիպելով որևէ վիրուսի, երկրորդ անգամ ավելի հեշտությամբ է արձագանքում։

« Երբ վիրուսը առաջին անգամ է զարգանում օրգանիզմում  իմունային համակարգը սկսում է ճանաչել այն, ուստի առաջին ու երկրորդ վարակման դեպքերը չեն կարող միմյանց նման լինել»։

Համաճարակաբանը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշելով, որ ժամանակը ցույց կտա, թե որ պատվաստանյութն է արդյունավետ այս համավարկի դեմ պայքարելու համար։

«Օրինակ՝ ԱՄՆ-ում պատվաստանյութի փորձարկման համար մարդկանց վճարում են մեծ գումարներ, կան նաև դեպքեր, որ 3-րդ կամ 4-րդ կարգի երկրներում պարզապես փորձարկումներ են անում մարդկանց վրա։ Ամեն դեպքում ես Առողջապահության նախարարության բերած պատվաստանյութերին չեմ վստահի »։

Համաճարակաբանը նշեց, որ պատվաստանյութերի թեմայի վերաբերյալ անգամ մասնագետների կարծիքներն են իրարամերժ և կան շատ հակասություններ։ Իսկ պատվաստանյութերի պարտադրանքը արդեն մարդու իրավունքների ոտնահարում է։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ