Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի COVID 19-ի վերաբերյալ մոտեցումները, կարծիքները, լուծումների առաջարկները փոփոխվում են ոչ թե օրեցօր,...

COVID 19-ի վերաբերյալ մոտեցումները, կարծիքները, լուծումների առաջարկները փոփոխվում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ․ կարծիք

1663
0

Առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանի հետ MedMedia-ն զրուցուց  COVID 19-ով  պայմանավորված իրավիճակի, ինչպես նաև ներկայիս Առողջապահության նախարարության աշխատանքների մասին։

— Պարոն Գրիգորյան, արդյո՞ք Առողջապահության նախարարության ջանքերը բավարար են համավարակի  հաղթահարման համար։

—  Միայն առողջապահության նախարարության ջանքերը սկզբունքորեն չեն կարող բավարար լինել համավարակի հաղթահարման համար: Հաղթանակի համար անհրաժեշտ են ինչպես այլ գերատեսչությունների, մարմինների, այնպես էլ ողջ հասարակության գիտակցված ջանքերը: Ավելացնեմ, որ այսօր արդեն շատ մտահոգիչ եմ համարում բուժաշխատողների հոգեբանական կայունությունը: Կա մի սահման, որից հետո դժվար կլինի նրանցից պահանջել «հիպոկրատյան» պահվածք:

—  Ինչպե՞ս եք գնահատում նախարար Թորոսյանի աշխատելաոճը։

— Արսեն Թորոսյանի գործողություններում, երևի այս օրերի գերլարված իրավիճակով պայմանավորված, նկատվում են բացթողումներ, սակայն սխալների մասին պետք է խոսել ավելի ուշ՝ հիմա աշխատել է պետք: Ասեմ նաև, որ չի սխալվում նա ով ոչինչ չի անում: Նրան համարում եմ պրագմատիկ, ուղղախոս, առողջապահական համակարգի խնդիրներին այսօր արդեն գիտակ կազմակերպիչ, և ընթացիկ իրավիճակին շատ անհրաժեշտ սառնասրտություն ունեցող անձ: Պարզապես նրա ուղղախոսության դոզային մեր հասարակությունը սովոր չի: Սա թող չհամարվի Թորոսյանի բացարձակ գովք, քանի որ, նրա կողմից նկատել եմ մի քանի անհարկի անդրադարձեր: Կոչ կանեմ նրան ականջալուր լինել քննադատություններին՝ զատելով օգտակարները դատարկաբանություններից: Թող հանրությանը առանց խմբագումների ներկայացվի ոլորտի մասնագետների, առողջապահության կազմակերպիչների կողմից արված համավարակի հաղթահարման գրավոր առաջարկները (եթե այդպիսիք կան), ինչից պարզ կդառա, թե ով՝ ով է եւ որ առաջարկներն են քննադատությունից բացի մտահոգ ու արժեքավոր, լինեն դրանք առանձին բժիշկների, թե ՀՀ Նախագահին հյուրընկալվող առողջապահության նախկին նախարարների:

— Հայաստանում համավարակի բավականին բարձր ցուցանիշներ ունի, ո՞րն է խնդիրը՝ պետության թերացումները, թե քաղաքացիները չեն հետևում արտակարգ իրավիճակի կանոնների պահպանմանը։

— Ձեր հարցի պատասխանը և՛ և՛ է: Սկսեմ նրանից, որ Covid-19 վիրուսի, դրա առաջացման, տարածման, պայքարի միջոցների, մարդ թե տնտեսություն մարդու համար դիլեմայի լուծման շուրջ, ողջ աշխարհը, այդ թվում միջազգային կառույցներն ու կառավարությունները, այսօր հայտնվել է անորոշության առջև: Մոտեցումները, կարծիքները, լուծումների առաջարկները փոփոխվում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Իսկ վիրուսը չի հանձնվում: Մեր իշխանություններն էլ բացառություն չեն: Իրավիճակը բարդանում է, ինչը խոստովանում են նաև իրենք ու անում ինչ և ինչպես կարող են: Բացթողում կհամարեմ մայիսի սկզբին իրավիճակի և հատկապես կարանտինի նկատմամբ հանրության վերաբերմունքի առանց խորը վերլուծության ընդունված սահմանափակումների կտրուկ նվազեցման որոշումը, ինչը բերեց այսօրվա բարձր ցուցանիշներին: Բացթողում եմ համարում նաև պարետատան որոշումների կատարմանը հետևելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների անբավարար ներգրավումը: Ակնհայտ է, որ քաղաքացիները ամբողջությամբ և անվերապահորեն չեն հետևում արտակարգ իրավիճակի կանոնների պահպանմանը, ինչով անգիտակցաբար կամ գիտակցված հանցավորություն են դրսևորում՝ նպաստելով վարակի տարածմանը, հիվանդացության ու մահերի թվի աճին։ Սրա պատճառները բազմաթիվ են, բայց առանձնացնեմ երկուսը: Նախ, վերը նշածս անորոշություններով պայմանավորված կանոնների հաճախ փոփոխվող, նույնիսկ իրար հակասող մոտեցումները, որոնք առաջացնում են անվստահություն այդ կանոնների նկատմամբ: Սրան նպաստում է նաև ներքին խժդժություններ հրահրելու նպատակ ունեցող ուժերի կողմից ժողովրդին անթույլատրելիորեն ապակողմնորոշելը: Երկրորդ. մեր քաղաքացիների դեռ «քաղաքացի» չդառնալը՝ իրավունքներից բացի նաև իրենց պարտականությունները չգիտակցելը: Դրանով իսկ գոնե արտակարգ իրավիճակում խիստ օրինապահ չլինելը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ