Գլխավոր էջ Գլխավոր Դիսֆագիա կամ կլման ակտի խանգարում. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

Դիսֆագիա կամ կլման ակտի խանգարում. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայանը

9855
0

Ի՞նչ է դիսֆագիան:

Դիսֆագիան կլման ակտի խանգարումն է, երբ հիվանդը դժվարանում կամ չի կարողանում պինդ կամ հեղուկ սնունդը կուլ տալ։ Կուլ տալու ժամանակ կարող է առաջանալ դիսկոմֆորտ, ցավ, խեղդող նոպա, ձայնի խռպոտություն, առատ թքարտադրություն։

Դիսֆագիան  հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման մեջ նշվում է  R13 կոդով։

Բժշկության մեջ  գոյություն ունեն դիսֆագիայի դասակարգման տարբեր մոտեցումներ։

Այն կարող է դասակարգվել ըստ արտահայտման ընթացքի, տեղակայման մակարդակի,   առաջացնող պատճառի և արտահայտման բնույթի։

Մեզ՝ որպես լոգոպեդ , ավելի հաճախ հանդիպում է   նյադաբանական ծագում ունեցող դիսֆագիան՝ որպես ինսուլտի հետևանք կամ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետևանք։ Սակայն առողջապահական ոլորտում աշխատող լոգոպեդները այսօր շատ հաճախ կարող են հանդիպել նաև չարորակ նորագոյացությունների հետևանքով առաջացող  կլման ակտի խանգարում ունեցող հիվանդների ։

Դիսֆագիայի առաջացման  պատճառները

Կլման ակտի խանգարումներ կարող են առաջանալ

բերանային և ըմպանային հատվածում կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ՝

  • նորագոյացությունների հետևանքով,
  •  արտաքին ճնշման հետևանքով /խպիպ, լիմֆոտիկ հանգույցներ/,
  • նյարդամկանային խանգարումների հետևանքով   /ոււղեղի արյան շրջանառության խանգարում, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, մոտոնեյրոնների  ախտահարումով  պայմանավորված՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզի ժամանակ,  գլխուղեղում առկա նորագոյացությունների, համակարգային հիվանդությունների,նեյրոպատիաների, միոպատիաների  հետևանքով/
  •  տրավմաների,
  • քիմիական այրվածքների,
  • ալերգիայի  արդյունքում

Գաստրոէնթերոլոգիական հիվանդությունների պատճառով

Գլխուղեղը և նյարդերն ախտահարող հիվանդությունները կարո՞ղ են դիսֆագիայի պատճառ լինել

Պատճառները թվարկելիս նշեցինք, որ դիսֆագիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ գլխուղեղը ախտահարող հիվանդությունները, ինչպիսիք են գլխուղեղի արյան շրջանառության  սուր խանգարումը՝ ինսուլտը, գլխուղեղի ուռուցքային հիվանդությունները, գանգուղեղային տրավմաները, որոնք տեղակայված են կլման ակտը կարգավորող կենտրոնն ընդգրկող տարածում։

Նյարդերի ախտահանումը ևս կարող է բերել կլման ակտի խանգարումների։

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, ինչպիսիք են Պարկինսոնի սինդրոմը, Գենտինգտոնի խորեան, կողային ամեոտրոֆիկ սկլերոզը,  բուլբար և կեղծ բուլբար սինդրոմները  կարող են առաջացնել դիսֆագիա։

Ինսուլտների դեպքում կլման ակտի խանգարումը հանդիպում է 20-80%  դեպքերում։

Ինչպիսի՞ն է բուժման ընթացքը

Դիսֆագիա  ախտորոշելուց հետո, երբ հետազոտությունների արդյունքում ճշգրտվում է առաջացման պատճառը, սկսում է  վերականգնողական աշխատանքը, որը ներառում է հատուկ դիետա, համապատասխան լոգապեդական վարժություններ, անհրաժեշտության դեպքում  նաև բժշկական միջամտություն կամ դեղորայքային բուժում։

Դիսֆագիայի ժամանակ բուժման կարևոր նախապայմանը համապատասխան դիետան է: Սնունդը կամ հեղուկը , որը  հիվանդը պետք է ընդունի, պետք է  ունենա որոշակի խտություն, ինչը կհեշտացնի կլման գործընթացը

Լոգոպեդի գործառույթը կլման ակտի խանգարումների առկայության դեպքում

Շատ երկրներում առողջապահական համակարգում աշխատող լոգոպեդի աշխատանքային գործունեության մեջ է մտնում նաև դիսֆագիայով հիվանդների հետ աշխատանքը։

Դիսֆագիայի առկայությունը միշտ ռիսկային է կյանքի  համար, ուստի շատ կարևոր է ճիշտ կազմակերպել այս խնդրի հաղթահարման գործընթացը։

Լոգոպեդները առավել հաճախ առնչվում են նյարդաբանական ծագում ունեցող դիսֆագիայով հիվանդների հետ։

Նյարդաբանական ծագում ունեցող դիսֆագիան  կլման ակտին մասնակցող մկանների հաջորդական , կորդինացված աշխատանքի խանգարման արդյունք է՝ պայմանավորված գլխուղեղի օրգանական ախտահարումով, ինչի հետևանքով հիվանդի համար  սննդի բերանային ընդունումը դժվարանում է։

Լոգոպեդական աշխատանքը դիսֆագիայի ժամանակ ենթադրում է ինչպես աշխատանք հիվանդների հետ, այնպես էլ  հիվանդների  ընտանիքի անդամների, հարազատների հետ։

Դիսֆագիայի առկայությունը կարելի է ստուգել կերակրելիս

Հազը ուտելու, կուլ տալու ընթացքում կամ հետո, ձայնի փոփոխությունը ուտելուց հետո/ ձայնը կարծես թե խռպոտ է դառնում/, շնչառական դժվարությունները, կտրտված շնչառությունը կուլ տալուց հետո, դժվարությունները ծամելիս, թքարտադրությունը, կամ թուքը կուլ տալու անկարողությունը, ուտելիքի թափվելը բերանից կարող են վկայել դիսֆագիայի առկայության մասին։

Գնահատելու համար կուլ տալու կարողությունը հիվանդը թեստ է անցնում 

Նրան տալիս են տարբեր խտության բաղադրություն ունեցող սնունդ՝ նեկտարի  /պինդ կիսել, մեղր, պինդ թթվասեր/ հեղուկի  / ջուր, հյութ, թեյ, սուրճ/, եփած մրգի  խտությամբ/  եփած խնձոր, պինդ յոգուրտ/։

Դիսֆագիայի արտահայտման աստիճանը պարզելուց հետո մշակվում է լոգոպեդական աշխատանքի ռազմավարությունը։  Կիրառվում է  ստիմուլիացիոն կամ դրդող մեթոդը ՝ կուլ տալու ռեֆլեքսի  հրահրման նպատակով, երբ սնունդի համային կամ ջերմային որոշակի փոփոխություններով փորձում են զգայությունը բարձրացնել  հիվանդի մոտ, ինչն էլ իր հերթին նպաստում է կլման ռեֆլեքսի լավացմանը։

Վարժանքի մեթոդը, որն ուղղված է  կլման պրոցեսին մասնակցող մկանների աշխատանքի կորդինացիայի ու շարժումների ամպլիտուդայի կարգավորմանը։ Այս մեթոդի ժամանակ կիրառվում են շնչառական, արտասանական և ձայնային վարժություններ, զուգահեռ լոգոպեդն աշխատում է նաև խոսքային խանգարման շտկման ուղղությամբ։

Շատ կարևոր է աշխատանքը նաև հարազատների, ընտանիքի անդամների, խնամողների հետ։

Պետք է բացատրել, որ կերակրելիս պետք է հետևել հիվանդի դիրքին, ապահովել դրական էմոցիոնալ մթնոլորտ, հետևել սննդի խտությանը, չափաքանակին, դժվարություն նկատելիս կապվել մասնագետների հետ, երբեք ինքնակամ չփոխել սննդի բաղադրությունը, ակտիվորեն հետևել մասնագիտական խմբի ցուցումներին։

Շատ կարևոր է նաև  ապահովել այս խնդրով հիվանդների  բերանի խոռոչի  հիգիենան։

Նյութը՝ լոգոպեդ Անուշ Բաբայանի

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ