Գլխավոր էջ Նորություններ «Մենք տիրապետում ենք ներքին ինֆորմացիայի, որը մի օր անպայման հրապարակելու ենք». Գևորգ...

«Մենք տիրապետում ենք ներքին ինֆորմացիայի, որը մի օր անպայման հրապարակելու ենք». Գևորգ Գրիգորյան

971
0

Այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն հայտարարում էր, որ պետք է ագրեսիվ մեթոդներ կիրառվեն, որ վարակը մեր երկիր չթափանցի, մեր կառավարությունը մեզ ասում էր, որ այն գրիպ նման վիրուս է։ Անպայմա՞ն էր մեր մաշկի վրա զգալ այս վիրուսը, նոր եզրակացություններ անե՞լ։
Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ–ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը։

«Այն վիճակը, որը մենք ներկայումս ունենք, ցույց է տալիս, որ մեր երկրի հնարավորությունները չեն հերիքում կամ բավարարում վարակի դեմ պայքարելու համար, և դա փաստ է՝ որքան էլ Առողջապահության նախարարը, կառավարության ղեկավարն ու պարետատունը բղավեն ու ասեն, որ վարակի դեմ պայքարում անում են ամեն ինչ»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով այն մասին, որ Արսեն Թորոսյանը ասել է, թե մահաբերության ցուցանիշը մեզ մոտ պակաս է, բժիշկն ընդգծեց.
«Դա առողջապահության նախարարի արձանագրած արդյունքը չէ, դա բժիշկների աշխատանքի շնորհիվ է։ Նախարարության խնդիրն է՝ մատակարարել հիվանդանոցներին համապատասխան նյութերով, թույլ չտալ, որ մենք ունենայինք այն իրավիճակը, որն ունենք։ Նախարարը պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկեր, որ բժիշկներն այսօր այդքան վարակակիրների՝ կաշվից դուրս գալով, բուժելու խնդիր չունենային, այնպես որ, նախարարության կողմից ներդրված որևէ գործիք չի օգնել մեր բժիշկներին, ավելին՝ խանգարել է։ Օրինակ՝ լարված մթնոլորտ է հիվանդանոցներում նախարարության նշանակած Covid-19 կենտրոնների պատասխանատուների և կամավորների, բուժկենտրոնների աշխատակիցների միջև։ Խնդիրներ են առաջացել տրված խոստումները չկատարելու հետ՝ բժիշկներին խոստացել են 500 հազար դրամ աշխատավարձ, բայց հետո բուժկենտրոնի հետ պայմանավորվածության են եկել, որ 250 հազար դրամը կվճարի բուժկենտրոնը, 250 հազար դրամը՝ նախարարությունը, բուժկենտրոնի տնօրենը 250 հազար դրամը չի տվել, ու բժշկին վախեցում են՝ ասում են՝ սուս մնա։ Սրանք ինֆորմացիաներ են, որոնք մի օր մենք անպայման հրապարակելու ենք»։

Գրիգորյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում մեզ այլ բան չի մնում, քան

1. Հիվանդանոցներում ստեղծել covid բաժանմունք, որտեղ կլինեն մասնագետներ, ովքեր կսպասարկեն կորոնավիրուսով հիվանդներին։

2. Պետք է արտակարգ դրությունը հանել, որ տնտեսությունը վերականգնվի, որ այդ գումարներով կարողանանք հիվանդներին բուժել։

3. Բնակչությանը հանել վախի մթնոլորտից, որովհետև շատ մարդիկ վախից կրում են դիմակներ ու ձեռնոցներ, որ չվարակվեն, բայց նրանք էլ են վարակվում։

Բժշկի խոսքով՝ արդեն իսկ մենք տապալել ենք վիրուսի կանխարգելումն ու տարածումը։ Դեռևս երկու ամիս առաջ նախարարը ընդունեց,որ վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել և այս պայմաններում փորձել վերահսկել բնակչությանը,առանց վիրուսը վերահսկելու հետապնդում է անձնական կամ քաղաքական նպատակ։
Վարակը վերահսկելի կլինի, եթե մենք ունենանք պատվաստանյութը կամ բուժումը։
Բացի այդ, մենք դեռ չգիտենք, թե վարակված և բուժված մարդիկ 6 ամիս հետո ինչ խնդիրներ կունենան։

Անդրադառնալով Պլակվենիլ դեղամիջոցի կիրառմանը Գրիգորյանը ասաց,որ այն հանդիսանում է մալարիայի դեմ պայքարի դեղամիջոց, առաջացնում է մեծ թվով բարդություններ և ունի բազմաթիվ հակացուցումներ, բայց հիմա մեզ մոտ նախարարը հրաման է արձակել, որ կորոնավիրուսով վարակակիրների համար կոնկրետ դեպքերում պետք է օգտագործվի այս դեղամիջոցը, և դա՝ այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել այդ դեղի փորձարկումներին։
«Փորձարկումների ամենահիմնարար մասն է կազմում այն, որ պացիենտը պետք է տեղյակ լինի տվյալ դեղի բոլոր հնարավոր բարդությունների մասին, որից հետո տա իր համաձայնությունը։ Հարց եմ ուզում տալ բժիշկներին՝ արդյո՞ք պացիենտներին տեղեկացվել է պատշաճ կերպով, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ դեղամիջոցը, ասվե՞լ է արդյոք հիվանդներին, որ Հայաստանը չի մասնակցում այդ դեղամիջոցի փորձարկմանը, բայց ձեռք է բերում այն։ Ի դեպ՝ իմ ունեցած տեղեկություններով՝ Պլակվենիլ դեղը Հայաստան է ներկրում Առողջապահության նախարարությունը, և հարց՝ եթե Հայաստանը փորձարկմանը չի մասնակցում՝ ինչո՞ւ է այդ դեղը ներկրում։ Այստեղ կա մեկ այլ խնդիր՝ հիվանդներին տրվող Պլակվենիլի վրա գրված է չինարեն, մինչդեռ մեր երկրում գրանցված մալարիայի դեմ օգտագործվող Պլակվենիլի վրա գրված է ռուսերեն։
Ես հորդորում եմ կորոնավիրուսից բուժվածներին, որ պարտադիր պահանջեն իրենց հիվանդության պատմագրերը և հաշվետվություն, թե ինչո՞ւ են իրենց այդ դեղը նշակակել։
Եթե այս դեղամիջոցը չկիրառվեր, մահացության ցուցանիշը կարող էր շատ ավելի ցածր լինել»,- ասաց բժիշկը և հավելեց, որ այս բոլոր հարցերը քրեկան գործի են բերելու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ