Գլխավոր էջ Գլխավոր Միզապարկ-միզածորանային հետհոսք. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

Միզապարկ-միզածորանային հետհոսք. ե՞րբ և ինչո՞ւ անհանգստանալ

1968
0
Միզապարկ-միզածորանային հետհոսքը, ինչպես անվանումից հասկանալի է, մեզի հետադարձ հոսքն է՝ միզապարկից դեպի միզածորան: Այն իրենից ներկայացնում է անատոմիական կամ ֆունկցիոնալ խանգարում, որը ժամանակի ընթացքում կարող է բերել միզուղիների կրկնվող ինֆեկցիաների, երիկամի կնճռոտման, երիկամային անբավարարության և այլն: Հանդիպում է 1% հաճախականությամբ, առավելապես տղաների մոտ: Խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է «Շենգավիթ» ԲԿ Նորածնային և մանկական վիրաբուժական բաժանմունք վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի հետ: «Խնդիրն ունի ժառանգական նախատրամադրվածություն: Տարբերում ենք ռեֆլյուքսի (հետհոսքի) արտահայտվածության 5 աստիճան: Ախտորոշման համար կիրառվում են միզային համակարգի սոնոգրաֆիա, միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա, տարբերակիչ ախտորոշման, երիկամների ֆունկցիայի գնահատման համար կարող են կիրառվել նաև ռադիոիզոտոպային հետազոտություն, ներերակային ուրոգրաֆիա և այլն»,-մանրամասնեց վիրաբույժը:
Խոսելով բուժման մասին՝ Աշոտ Հովսեփյանը նշեց, որ բուժումը հետապնդում է երկու նպատակ՝ կանխել միզուղիների կրկնվող ինֆեկցիաները և ուրոդինամիկ խանգարումները՝ հետևաբար դրանով կանխելով երիկամների պրոգրեսիվող ախտահարումը:
«Ունենք բուժման 3 եղանակ՝ կոնսերվատիվ (դեղորայքային), էնդոսկոպիկ և վիրահատական: Չնայաց բուժման որևէ տարբերակ ընտրելիս հաշվի են առնվում բազմաթիվ հանգամանքներ, բայց կան որոշ տակտիկական մոտեցումներ»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ սովորաբար ռադիկալ վիրահատություն արվում է 5 տարեկանից հետո:
Զրուցակիցս հորդորեց ծնողներին և/կամ առաջնային օղակի մանկաբույժներին ժամանակին դիմել մանկական ուրոլոգի կամ նեֆրոլոգի, եթե երեխայի մոտ նկատվում են միզուղիների կրկնվող ինֆեկցիաներ, առանց պատճառի ջերմություն, դիզուրիկ երևույթներ (միզարձակման ցանկացած խանգարում, այդ թվում անմիզապահություն), առանց այլ հաստատված պաթոլոգիայով պայմանավորված մշտական թուլություն, շուտ հոգնելիություն, զարկերակային ճնշման բարձրացումներ, այտուցներ և այլն:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ