Գլխավոր էջ Գլխավոր Հիպոկրատի երդում տվեց 889 շրջանավարտ

Հիպոկրատի երդում տվեց 889 շրջանավարտ

421
0

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում է տվել  ԵՊԲՀ 889 շրջանավարտ:

Համալսարանից հայտնում են, որ հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսորադասախոսական կազմը:

Բոլորի կողմից սպասված, ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի չնայած մարդաշատ չէր, սակայն սպասված էր, խորհրդանշական ու կարևոր ոչ միայն շրջանավարտների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի և համայն հայության համար: Ներկաները ևս մեկ անգամ իրենց հարգանքն ու խոնարհումն են հայտնել առաջնագծում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի դուրս եկած, կռվող Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով ներկաներին և գիտական խորհրդի հեռավար նիստին մասնակցող համալսարանականներին նշել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ օրը հանդիսավոր է և հուզիչ:

«Շուրջ մեկ դար այս շենքում կերտվել, կոփվել են բժշկապետեր, բժիշկներ, բուժաշխատողներ, որոնք ապահովել են մեր ժողովրդի բժշկական անվտանգությունը: Հուզիչ է՝ չեմ տեսնում գիտական խորհրդի անդամների հպարտությամբ լցված աչքերը, սերունդներով դաստիարակված մեր բժիշկներին, մեր շրջանավարտներին, որոնք խրամատներում այսօր ապահովում են մեր ժողովրդի առողջությունն ու կյանքը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համոզված ասում եմ, որ տարիներ շարունակ այս շենքի առջև տրված երդումները հասել են իրենց նպատակին»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ հիշեցնելով մեծանուն Շառլ Ազնավուրի՝ հերացիականներին ուղղված մարդասեր լինելու պատվավոր կոչը: «Բոլորս հզոր լույսի պես ճեղքելով մեր ժողովրդի կյանքը վտանգող խավարը, պարտավոր ենք միասնական ռազմաճակատով պատասխան տալ: Դուք պետք եք, դուք կարող եք և դուք հաղթող եք»,-հորդորել է Արմեն Մուրադյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապօգնության մեքենաներում հեռավար նիստին հետևող շրջանավարտներին:

«Այս ամիսներին դուք անում եք մի աշխատանք, որը նույնքան կարևոր է, որքան զինվորի և զինվորականի կատարած գործը սահմանին: Դուք մեզ պաշտպանում եք ամբողջ աշխարհը պատած անտեսանելի հարձակումից: Այս բուհի որակյալ կրթությունը ստացած, այս բուհն ավարտած մասնագետները բուժօգնություն են ցույց տալիս ինչպես Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին»,-ասել է նախարարը՝ հավելով, որ պետությունը գնահատում է բժշկի կատարած աշխատանքը և գնահատելու է ապագայում:

Այնուհետև շքեղ լուսավորված պատմական շենքի բակում Հիպոկրատի երդում են տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ։ Շրջանավարտներն իրենց երդման առաքելությունը պատվիրակել էին իրենց սիրելի դեկաններին, որոնք ողջույնի խոսք են ասել և շնորհակալություն հայտնել սիրելի ուսանողներին՝ կյանքի կարևոր առաքելություններից մեկը՝ Հիպոկրատի երդումը, իրենց վստահելու համար:

«Մենք բժշկություն ենք ճանապարհում լավագույն սերնդին: Ձեզանից յուրաքանչյուրը հոգևոր հանձնառություն և բարոյական պատասխանատվություն ունի մեր ժողովրդի առջև»,-ասել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:

Շրջանավարտներին ողջունել է նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ավելի քան կես դար առողջապահական համակարգում մասնագիտական գործունեություն ծավալած բժիշկ Մելանյա Շմավոնյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ