Գլխավոր էջ Գլխավոր Լսե՛ք, տիկին Նիկողոսյան․․․

Լսե՛ք, տիկին Նիկողոսյան․․․

2076
0

Երեկ՝ հուլիսի մեկին, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով՝ «Ինձ գրել և այնուհետև զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել»։

Ըստ Զոհրաբյանի՝ իրեն դիմած աղջիկը նաև հայտնել է, որ հունիսի 29-ին իրենց տեղեկացրել են՝ դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Սակայն դիահերձարանում տեղյակ չեն եղել, թե որտեղ է հանգուցյալի դին։ Հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, իսկ այնտեղից նորից ուղղորդում են պարետատուն։

Պատգամավորը նաև հայտնում է․ «Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրներից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»:

Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, ավելի ուշ անդրադարձավ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մասնավորապես նշելով, որ մինչ Զոհրաբյանի հայտարարությունը առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից․«Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»։

Խոսնակի հայտարարությունը մեկնաբանեց տիկին Զոհրաբյանը՝ նշելով․ «Հարգելի տիկին Նիկողոսյան, իմ գրառման մեջ ես արդեն գրել եմ, որ նախարարությունը տեղեկացված է, դուք հայտնագործություն չարեցիք: Ու, կարծում եմ, բոլորիս համար էլ հասկանալի է, որ տատիկին, ըստ ամենայնի, ինչ-որ մեկի հարազատի անվան տակ արդեն հուղարկավորել են: Բայց եթե դուք կարծում եք, որ նման «թեթև» շփոթմունքի համար որևէ մեկը պատասխան չպիտի տա, այ էդտեղ ահավոր սխալվում եք հարգելիս»։

Նախարարի խոսնակի մեկնաբանությունը բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում, շատերը մեկնաբանեցին նրա գրառումը։ Քաղաքացիներից Հակոբ Հովսեփյանը գրել է ․« Բա որ մինչև այդ պարզ էր, Դուք ինչո՞ւ չէիք հայտարարում, որ  հանրությունը տեղյակ լիներ։ Պարտադի՞ր պետք է ուրիշը ասի, նոր ասեք, որ մինչև այդ տեղյակ էիք»։

 

Արծրուն Մակարյանն էլ գրել է․« Էս ինչ փնթի ու թափթված վիճակ է՞,ամեն հարցում եք տենց անպատասխանատու դրա համար ռեկորդներ թարմացնելով գլորվում ենք, խելքներդ գլուխներդ հավաքեք հերիք եղավ բոլ եղավ»։

Ի դեպ, Նիողոսյանի գրառումը մեկնաբանել է նաև Մարիամ Մալխասյանը՝ մահացած տատիկի թոռնուհին, մասնավորապես գրելով․« Լսեք տիկին Նիկողոսյան, եթե ես չզանգեի նախարարության թեժ գիծ ու աղմուկ չբարձրացնեի, որտեղից պիտի տեղյակ լինեիք: Ձեր անկազմակերպ ու անփույթ պահվածքի արդյունքն արդեն մեր կաշվի վրա զգացինք: Ամպագորգոռ խոսքեր չասեք, դուք ոչ մի ինֆորմացիայի չեք տիրապետում: Մարդկանց աչքերին փոշի չփչեք»:

Դին փնտրվում է, իսկ պատկան մարմինը հանգիստ են՝ կգտնեն,շփոթմունք է եղել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ